ԱՄՆ-ն փակել է հեռահար հասանելիության հնարավորությունն արհեստական բանականության չիպերին
ԱՄՆ իշխանությունները սահմանափակումներ են մտցրել սերվերների և չիպերի հեռահար հասանելիության նկատմամբ, որոնք ապահովում են արհեստական բանականության (ԱԲ) համակարգերի աշխատանքը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Առևտրի նախարարության կազմում գործող Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի կայքում։
Փաստաթղթում նշվում է, որ նոր կանոնները մշակվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության և Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի կողմից։ Դրանց նպատակն է երաշխավորել, որ ամերիկյան զգայուն տեխնոլոգիաներին հասանելիության գործող սահմանափակումները հնարավոր չլինի շրջանցել՝ երրորդ երկրներում տեղակայված տվյալների կենտրոնների հաշվողական հզորությունների հեռահար օգտագործման միջոցով։
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, այն պետությունները, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումներ է կիրառել, երրորդ երկրներում գործող տվյալների կենտրոնների օգտագործման շնորհիվ ստացել են ամերիկյան տեխնոլոգիաներին հասանելիության ավելի դյուրին հնարավորություն։ Դրան նպաստել են ամպային տեխնոլոգիաների և ԱԲ համակարգերի զարգացումը։
The Washington Post-ի գնահատմամբ՝ նոր կանոնների ներդրումը հերթական քայլն է՝ սահմանափակելու Չինաստանի հնարավորությունները՝ ամերիկյան միկրոչիպերն ԱԲ մոդելների ուսուցման համար օգտագործելու հարցում։
ԱՄՆ-ն հետևողականորեն խստացնում է առաջադեմ կիսահաղորդիչների և չիպերի արտադրության սարքավորումների արտահանման վերահսկողությունը։ Սահմանափակումներն առաջին հերթին ուղղված են Չինաստանի՝ ամերիկյան տեխնոլոգիաներին հասանելիությունը կանխելուն, որոնք կարող են օգտագործվել արհեստական բանականության մշակման և ռազմական նպատակներով։ Ավելի վաղ Վաշինգտոնը սահմանափակել էր բարձր արտադրողականությամբ հաշվարկային արագացուցիչների և մի շարք այլ բաղադրիչների մատակարարումները։
Սակայն ամպային ծառայությունների զարգացումը հնարավորություն է տվել օտարերկրյա ընկերություններին վարձակալել անհրաժեշտ հաշվողական հզորությունները՝ առանց սարքավորումները ֆիզիկապես ձեռք բերելու։ Նոր միջոցառումները կոչված են փակելու հասանելիության այս ուղին։
Միևնույն ժամանակ, սահմանափակումները կարող են վերաբերել ոչ միայն միկրոչիպեր արտադրողներին, այլև տվյալների կենտրոնների օպերատորներին, որոնք հաշվողական ռեսուրսներ են տրամադրում օտարերկրյա հաճախորդներին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

