Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում անկում է
Ընթացիկ տարին հեռահաղորդակցության ոլորտի համար այնքան էլ բարենպաստ չէ: Հունվար-մայիս ամիսներին հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները գրանցել են եկամուտների անկում:
Ինչպես տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից՝ ընթացիկ տարվա առաջին հինգ ամսում հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կազմել են 59,10 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է շուրջ 5%-ով:
Նշենք, որ հունվարին հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կազմել են 11,61 մլրդ ՀՀ դրամ, փետրվարին՝ 10,84 մլրդ ՀՀ դրամ, մարտին՝ 12,59 մլրդ ՀՀ դրամ, ապրիլին՝ 12,08 մլրդ ՀՀ դրամ, իսկ մայիսին՝ 11,95 մլրդ ՀՀ դրամ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հեռահաղորդակցական ընկերությունների եկամուտների զգալի մասը ձևավորվել է բջջային ծառայությունների շուկայում: Եկամուտների կառուցվածում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունի նաև ինտերնետ հասանելիության ծառայություններից եկամուտը:
Նշենք նաև, որ 2015 թվականին մեր երկրի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները միասին ապահովել էին 160 մլրդ 158.3 մլն ՀՀ դրամի հասույթ: 2014 թվականին գրանցված ցուցանիշի համեմատ՝ հեռահաղորդակցության ոլորտի եկամուտները կրճատվել էին շուրջ 7%-ով: Անկումը մեծապես պայմանավորվել էր բջջային ծառայություններից եկամուտների կրճատմամբ: