ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է Հայաստանում դիզելային վառելիքի գների նվազման պատճառները
Հայաստանում վերջին օրերին դիզելային վառելիքի գները նվազել են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Երևանում գործող բենզալցակայաններից, դեկտեմբերի 15-ին պրեմիում տեսակի բենզինն արժի 350 դրամ, ռեգուլյար տեսակինը` 330 դրամ, իսկ դիզելը` 320 դրամ` յուրաքանչյուր տեսակի համար էժանանալով մոտ 10 դրամով:
ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի տեղեկացմամբ` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նույնպես ամենօրյա մոնիթորինգերի արդյունքում ֆիքսել է դիզելային վառելիքի գնանկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գայանե Սահակյանը նշեց, որ դեռ շարունակում են շուկաների ամփոփ վերլուծություն իրականացնել և դիզելային վառելիքի գների նվազման պատճառների ու հետազոտությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն առաջիկա օրերին:
Հոկտեմբերի կտրվածքով ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր բենզինի գների որոշակի փոփոխություններ, մասնավորապես, 20-30 դրամով գինը նվազել էր: Սակագնի նվազում ֆիքսելուց հետո հանձնաժողովը տեղեկացրել է, որ դաշտում հայտնվել է նոր ընկերություն:
Գայանե Սահակյանը բենզինի գների նվազումը բացառապես կապեց մրցակցության հետ: Նրա խոսքով` դաշտում հայտնվել է մի ընկերություն, որն անհամեմատ ավելի ցածր գներով է սկսել ներկրումներ իրականացնել: Սահակյանի տեղեկացմամբ, նոր ընկերությունն իր գործունեությունն սկսել է սեպտեմբերից և հասցրել է շուկայի վրա իր դրական ազդեցությունը թողնել:
Նա նաև տեղեկացրեց, որ այդ ընկերությունն իր ներմուծումներն իրականացնում է Ռուսաստանից և Ռումինիայից: