
Իգնատի Առաքելյանն ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրասիական թռչնաբույծների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Շաբաևին, որը Հայաստան է ժամանել Թռչնաբույծների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Ներկայացնելով ոլորտի արդիական հարցերը` նախարար Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է հանրապետությունում թռչնամսի ինքնաբավության մակարդակի բարձրացումը:
Անդրադարձ է կատարվել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև ծախսերի կրճատման միջոցով թռչնամսի ինքնարժեքի նվազեցման հնարավորությանը:
Ընդգծելով, որ այսօր Հայաստանում միջոցներ են ձեռնարկվում կերարտադրության զարգացման ուղղությամբ` նախարարը կարևորել է թռչնակերի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հարցը: Կողմերը քննարկել են տեղական բաղադրիչների օգտագործմամբ թռչնակերի վերամշակման հնարավոր եղանակները` առավել բարձրորակ կերերի ստացման նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև թռչունների գենետիկայի բարելավմանը, թռչնաբուծարանների արդյունավետ գործունեությանը վերաբերող և այլ հարցեր: