Սուրեն Կարայանը Կալավանում քննարկել է գյուղի զբոսաշրջային ծրագիրը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 15-ին Կալավան գյուղում էր՝ ծանոթանալու Կալավանի զբոսաշրջային ծրագրի մանրամասներին։
Նախարարն իր խոսքում նշել է, որ տպավորված է Կալավանի ծրագրով և եկել է տեղում անձամբ ծանոթանալու թե՛ գյուղի զբոսաշրջային ներուժին և թե՛ ծրագրի խնդիրներին։ Սուրեն Կարայանն ընդծգել է, որ պատրաստակամ է աջակցելու ծրագրի թիմին այս հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելու հարցում։
Կալավան գյուղի զարգացմամբ զբաղվող «Թայմլենդ» հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն իր գործընկերների հետ նախարարին է ներկայացրել Կալավանի զարգացման ծրագիրը՝ գիտաուսումնական, գյուղատնտեսական և զբոասաշրջային բաղադրիչներով։
Նախարարին է ներկայացվել նաև Ճամբարակ համայնքի զարգացման ծրագիրը եռաչափ շնորհանդեսով։
Նախարարի ղեկավարած պատվիրակությունը շրջայց է կատարել Կալավանի ծրագրի պատասխանատուների հետ՝ այցելելով նորակառույց հյուրատներ, որոնք շուտով կարող են այցելուների ընդունել։ Դրանցից մի քանիսը ֆինանսավորվել են ՓՄԶ զարգացման ազգային կենտրոնի կողմից։
Ներկայացվել են նաև զբոսաշրջիկներիի համար նախատեսված զբոսաշրջային հետաքրքրությունները և ժամանցի տարբերակները։
Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ իրականացվել է իրենց նախագծած ծրագրի մեկ երրորդից ավելին, սակայն դեռ շատ անելիք կա գյուղում: Նախաձեռնության հեղինակի խոսքով՝ իրենց նպատակն է ապահովել համայնքի բոլոր ընտանիքների զարգացումն ու բարեկեցությունը ներդաշնակ համակեցությամբ: Ռոբերտ Ղուկասյանը հավելել է, որ հենց բնակչության և շրջակա միջավայրի հետ անմիջական շփումն է առավելապես գրավում արտասահմանցի զբոսաշրջիկներին: