ՊԵԿ ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում դիտարկվել են ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարևորությունը: ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաև հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման և վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները: