ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ` հուլիսի 7-ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության մի խումբ գործարարների, ովքեր Հայաստանում են գտնվում հայ-բելառուսական առեւտրատնտեսական կապերի խորացման եւ համագործակցության ընդլայնման նպատակով։
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ համագործակցության ծավալները դեռեւս բավարար չեն, եւ բելառուս գործարարների այցը Հայաստան նոր թափ կհաղորդի փոխշահավետ կապերի զարգացմանը։
Զրույցի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես, կաթնամթերքի վերամշակման տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման եւ բելառուսական ներդրումների իրականացման վերաբերյալ հարցեր։
Բելառուս գործարարները, ովքեր ներկայացնում են սննդամթերք արտադրող խոշորագույն ձեռնարկություններ, շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին համագործակցության բարենպաստ պայմաններ ստեղծելու համար եւ վստահեցրել, որ փոխգործակցությունը կլինի արդյունավետ։
Քննարկվել է նաեւ Հայաստանում Բելառուսական առեւտրի տան ստեղծման հարցը, որը հնարավորություն կընձեռի բելառուսական ապրանքների ողջ տեսականին ներկայացնել հայկական շուկայում։