ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը հաստատել է կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և անվտանգության սերտիֆիկատների տրման կարգը, դրանց փոխադրման, ԱՊՀ երկրներ արտահանման համար տրվող անասնաբուժական սերտիֆիկատների, ՀՀ ներկրվող և ՀՀ-ից արտահանվող սննդամթերքի համար տրվող անվտանգության սերտիֆիկատների ձևերը, որոշել ՀՀ-ից Եվրամության երկրներ արտահանման համար կիրառել Եվրամիության երրորդ երկրներից կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի և սննդամթերքի ներմուծման համար հաստատված առողջության սերտիֆիկատների ձևերը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը։
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից ևս մեկում, կառավարությունը հաստատել է անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագման մթերքների նմուշառման կարգը, դրանց արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, անասնաբուժության բնագավառում արգելել անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցների կիրառումը։ «Ընդունված որոշումների այս փաթեթի նպատակն է ստեղծել գյուղատնտեսական մթերքների արտահանման բարենպաստ պայմաններ»,- նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Այդ գործընթացն ավելի պարզ և դյուրին է դառնում, և մեր գյուղացին կկարողանա անարգել արտահանել իր ստեղծած արտադրանքը»։
Գործադիրն ընդունել է կենսապարարտանյութերի շուկայի զարգացման որոշում, որով ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարվել է հանրապետության աղակալած հողերի վերականգնողական աշխատանքներում աջակցել «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի կիրառման գործընթացին, ձեռնարկել դրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկման և զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման միջոցներ։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս որոշումը կարող է հեղափոխական փոփոխություն առաջացնել պարարտանյութի շուկայում։ Մեր գիտնականներն ու արտադրողները խոստանում են, որ երկրի կարիքները հոգալուց հետո այս պարարտանյութերը կարելի է նաև արտահանել։ Դրանք որոշակի առավելություն ունեն, օրինակ, սելիտրայի նկատմամբ և արդյունավետ կարող են լինել աղակալած հողերի բարելավման համար։ Եթե այդպես է, ապա ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անհրաժեշտ կլինի մշակել այդ հողերում նոր պարարտանյութերը կիրառելու ծրագիրը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է նաև գյուղացիական տնտեսությունների համար նշված պարարտանյութերի առավելությունները պարզաբանելու կարևորությունը։
Կառավարությունը որոշել է Հայաստանից Եվրամիության երկրներ ձկան, ջրային կենդանիների, հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքի արտահանման լիազոր մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, հաստատել մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, այդ արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին ճանաչել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
Կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, որի համաձայն պետբյուջեով նախատեսված 558000.0 հազար դրամը հատկացվել է արտերկրից աշնանային ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի ձեռքբերմանը, ուստի ուժը կորցրած է ճանաչվել ավելի վաղ ընդունված մեկ այլ որոշում։