
Հայաստանի և Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիաները ստորագրել են համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (CDA) և Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիան (KDPW) ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ իրենց շուկաների միջև ուղիղ գործառնական կապ հաստատելու վերաբերյալ։ Այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին ցուցակվել Վարշավայի ֆոնդային բորսայում։
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում՝ երկու երկրների Կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ։
Օտարերկրյա Կենտրոնական դեպոզիտարիաների հետ գործառնական կապերը հեշտացնում են Վարշավայի ֆոնդային բորսայում և օտարերկրյա ֆոնդային բորսաներում երկակի ցուցակված (dual-listed) ֆինանսական գործիքների հետ կապված գործարքների իրականացումը։ CDA-ի և KDPW-ի միջև ստորագրված համաձայնագիրը, որի նպատակն է գործառնական կապ հաստատել Հայաստանի դեպոզիտարիայի հետ, հնարավորություն կտա KDPW-ին բացել արժեթղթերի անվանատիրոջ հաշիվ CDA համակարգում։ Սա թույլ կտա տեղական թողարկողներին ցուցակել իրենց արժեթղթերը լեհական կապիտալի շուկայում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մեր երկու կառույցների միջև ստորագրված համաձայնագիրը երկարաժամկետ համագործակցության սկիզբ է դնում, որը փոխշահավետ արդյունքներ կապահովի թե՛ հայկական, թե՛ լեհական շուկաների համար։ Այս համաձայնագիրը համահունչ է այն ավելի լայն ռազմավարությանը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և ամրապնդել դրա կապերը ԵՄ շուկաների հետ։ Մեր Կենտրոնական դեպոզիտարիաների միջև գործառնական կապի հաստատումը նոր ներդրումային հնարավորություններ կառաջարկի երկու շուկաներում»,-նշել է Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիայի նախագահ և գործադիր տնօրեն Մաչեյ Տրիբուխովսկին։
2022թ․ հունիսին Վարշավայի ֆոնդային բորսան (GPW) ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 65.03% բաժնեմասը, որը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100% բաժնետերն է։
«CDA-ի համար այս ձեռքբերումը KDPW-ի հետ մեկ տարուց ավելի տևած արդյունավետ համագործակցության արդյունքն է, և մեր կապիտալի շուկայի զարգացման ռազմավարության կարևոր հիմնաքար։ Բացի Հայաստանի և Վարշավայի ֆոնդային բորսաների միջև փոխցուցակման (cross-listing) և երկակի ցուցակման (dual-listing) հնարավորությունից, այս համագործակցությունը Հայաստանը դիրքավորում է որպես տարածաշրջանային վերջնահաշվարկի կենտրոն՝ գլոբալ կապերով։ Այս կապի միջոցով մենք ստեղծում ենք մի կամուրջ, որը թույլ կտա եվրոպական և լեհ ներդրողներին մուտք գործել Հայաստանի աճող գրավիչ պարտատոմսերի շուկա՝ ի վերջո խորացնելով շուկայի իրացվելիությունը, բարձրացնելով թափանցիկությունը և խթանելով ավելի մեծ ինտեգրում միջազգային կապիտալի շուկաների հետ», – նշել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը։
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի հետ նոր համագործակցությունը ներառյալ՝ KDPW-ն ներկայումս պահպանում է 20 գործառնական կապ օտարերկրյա Կենտրոնական դեպոզիտարիաների հետ։ Այս կապերից յոթը ուղիղ են, այդ թվում՝ երկուսը միջազգային Կենտրոնական դեպոզիտարիաների հետ (Clearstream Banking Luxembourg, Euroclear Bank)։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ունի 15 գործառնական կապ՝ տարածաշրջանային դեպոզիտարիաների, պահառուների և գլոբալ պահառուների (օրինակ՝ KCSD, NDU) հետ, ինչպես նաև ավելի քան 10 տարվա երկակի կապ (dual-link) Clearstream Banking Luxembourg-ի հետ։ Այս կապերը հնարավորություն են տալիս հայկական ներդրողներին ներդրումներ իրականացնել արտասահմանում, իսկ միջազգային ներդրողներին՝ մուտք գործել հայկական պետական պարտատոմսերի շուկա։ Այս գործընկերությունների միջոցով ՀԿԴ-ն նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանային վերջնահաշվարկի և պահառու կենտրոն։
Բացի այդ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է LEI գործակալի (LEI Agent) պաշտոնական կարգավիճակ։ Այս որոշումը ևս մեկ կարևոր քայլ է համագործակցության ամրապնդման գործում՝ ճանապարհ հարթելով Հայաստանում LEI ծածկագրի (Իրավաբանական անձանց նույնականացում) շնորհման տեղական ծառայության գործարկման համար՝ կապիտալի շուկայի կարգավորողի կողմից համապատասխան հաստատումը ստանալուց հետո։
Այս համատեղ նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում իրավաբանական կառույցների նույնականացման ծածկագրերի (LEI) նկատմամբ աճող պահանջարկի բավարարմանը՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանում ֆինանսական շուկայի թափանցիկության բարելավմանը։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կառաջարկի իրավաբանական կառույցների նույնականացման ծածկագրերի (LEI) ծառայություններ՝ հիմնված Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիայի չափորոշիչների ու ընթացակարգերի վրա։
LEI շնորհումը հանդիսանում է Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտեգրված ծառայությունների փաթեթի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով ֆինանսական շուկաների կայուն գործունեությունն ու զարգացումը։ Այս պահին Լեհաստանի կենտրոնական դեպոզիտարիան կառավարում է ավելի քան 35,000 Իրավաբանական կառույցների նույնականացման ծածկագրերի բազա՝ տրամադրված ինչպես Լեհաստանում, այնպես էլ այլ երկրներում։
Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան տրամադրում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Այն հանդիսանում է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի պահառուն և մասնակիցների ռեեստրավարը: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ սեփականատերն է Հայաստանի ֆոնդային բորսան։ https://cda.am/
Լեհաստանի Կենտրոնական դեպոզիտարիան (KDPW) գործում է որպես Լեհաստանի կապիտալ շուկայի կենտրոնական դեպոզիտարիա։ Նրա հիմնական լիազորությունները ներառում են՝ ֆինանսական գործիքների գրանցումն ու պահպանությունը, կարգավորված և շուկայական բորսայից դուրս (OTC) իրականացվող գործարքների հաշվարկն ու մատակարարումը, թողարկողների սպասարկումը, արժեթղթերի և իրավաբանական անձանց նույնականացման միջազգային ծածկագրերի (LEI, ISIN, CFI, FISN) շնորհումը, ինչպես նաև EMIR և SFTR կանոնակարգերի ներքո գործարքների ռեգիստրի և MiFID պահանջներին համապատասխան թույլատրված հաշվետվական համակարգի (ARM) կառավարումը՝ ստեղծելով գործառնական կապեր, կառավարելով ներդրողների փոխհատուցման համակարգը և Երաշխիքային հիմնադրամի (Guarantee Fund) կենսաթոշակային ֆոնդերը։ Հիմնադրվելով 1994 թվականին որպես անկախ բաժնետիրական ընկերություն՝ Լեհաստաի կենտրոնական դեպոզիտարիան (KDPW) ամրապնդել է իր դիրքը թե՛ լեհական, թե՛ միջազգային ֆինանսական շուկաներում` շնորհիվ արդյունավետ կորպորատիվ ռազմավարության իրականացման և ծառայությունների ոլորտում նորարարական լուծումների ներդրման www.kdpw.pl