Իտալական ֆոնդային շուկան հասել է վերջին 26 տարվա ռեկորդային մակարդակին
Իտալիայի հիմնական ֆոնդային ինդեքսը թարմացրել է 2000 թվականին սահմանված պատմական առավելագույնը։ Երկուշաբթի՝ մայիսի 25-ի առևտրային նստաշրջանի ընթացքում, FTSE MIB ինդեքսը, որի կազմում ընդգրկված են առավել իրացվելի 40 ընկերությունների բաժնետոմսերը, աճել է 1,3%-ով՝ հասնելով 50 175,5 կետի։ Ինչպես նշում է Bloomberg-ը, նախորդ ռեկորդը գրանցվել էր 26 տարի առաջ։
Նոր ռեկորդային մակարդակի հասնելուն նպաստել է էներգետիկ հատվածի և կիսահաղորդիչների արտադրողների բաժնետոմսերի նկատմամբ աճող պահանջարկը։ Այս տարի իտալական ֆոնդային շուկան աճել է ավելի քան 11%-ով՝ շարունակելով վերջին երեք տարիների աճի միտումը։
Վերջին 12 ամիսների ընթացքում եվրոպական մի շարք ֆոնդային ինդեքսներ թարմացրել են իրենց առավելագույն ցուցանիշները։ Իսպանական IBEX 35-ը ռեկորդային մակարդակի էր հասել հոկտեմբերին, իսկ Euro Stoxx 50 և գերմանական DAX ինդեքսները նոր առավելագույնների են հասել ընթացիկ տարում։ Միակ խոշոր եվրոպական շուկան, որը մինչ այժմ մնում էր իր նախորդ պատմական առավելագույնից ցածր, Իտալիան էր։
Անցյալ տարի Իտալիայի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը բանկերն էին, սակայն այս տարի առաջատար դիրքեր են զբաղեցրել միկրոչիպերի արտադրողները։ FTSE MIB ինդեքսում ընդգրկված՝ Tesla-ի և Apple-ի համար չիպեր մատակարարող STMicroelectronics NV ընկերության բաժնետոմսերը աճել են 156%-ով։
Էներգետիկ ընկերությունների՝ Saipem Spa և Eni SpA բաժնետոմսերը 2026 թվականին թանկացել են համապատասխանաբար 73% և 41%՝ նավթի և գազի գների զգալի աճի ֆոնին։ Միևնույն ժամանակ ավտոարտադրող Stellantis NV և իտալական նավաշինական Fincantieri SpA ընկերության բաժնետոմսերը հետ են մնացել ինդեքսի ընդհանուր դինամիկայից։
