Ռուսաստանի բանկի փոխնախագահն աշխատավարձը ստացել է թվային ռուբլով
Ռուսաստանի բանկի նախագահի տեղակալ Զուլֆիա Կախրումանովան հայտնել է, որ աշխատավարձը ստացել է թվային ռուբլով։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Ռուսաստանի բանկի Ֆինանսական կոնգրեսի ընթացքում։
«Մի քանի օր առաջ մենք ներդրեցինք համակարգի նոր տարբերակը՝ նոր գործառույթներով։ Այդ գործառույթների թվում այժմ կա նաև աշխատավարձերի վճարումը ռեեստրների միջոցով։ Օրինակ՝ ես աշխատավարձս ստացել եմ թվային ռուբլով և այժմ կարող եմ վճարումներ անել այն առևտրի և ծառայությունների կետերում, որոնք միացել են փորձնական ծրագրին», – նշել է նա։
Կախրումանովան նաև տեղեկացրել է, որ ներկայում թվային ռուբլու փորձարկման ծրագրին մասնակցում են 30 բանկ, շուրջ 3.5 հազար ֆիզիկական անձ և մոտ 500 իրավաբանական անձ։
Ավելի վաղ, ինչպես հաղորդվել էր, Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան լրագրողներին հայտնել էր, որ երկրում ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սեպտեմբերի 1-ից սկսած թվային ռուբլու լայնածավալ ներդրման համար։
