Վինսենթ վան Գոգի կտավը աճուրդում կվաճառվի ռեկորդային՝ 180 մլն դոլարով
Վինսենթ վան Գոգի կտավը, որը հանրությանը չի ցուցադրվել ավելի քան վեց տասնամյակ, նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կվաճառվի Sotheby’s աճուրդում։ Ակնկալվում է, որ դրա գինը կհասնի շուրջ 180 մլն դոլարի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Մասնագետների գնահատմամբ՝ աճուրդը փորձություն կդառնա արվեստի բարձրարժեք գործերի շուկայի կայունության համար, որտեղ կոլեկցիոներները շարունակում են պայքարել հազվագյուտ ստեղծագործությունների համար՝ չնայած ընդհանուր տնտեսական անորոշությանը։
«Ծաղկած շագանակենիներ» կտավը ստեղծվել է 1890 թվականի մայիսին։ Այն հոլանդացի նկարչի ամենակարևոր ստեղծագործություններից մեկն է՝ կապված նրա կյանքի վերջին օրերի հետ, որոնք նա անցկացրել է ֆրանսիական Օվեր-սյուր-Ուազ գյուղում։ Նկարիչը մահացել է այնտեղ մոտ երկու ամիս անց՝ 37 տարեկան հասակում։
Sotheby’s-ի ժամանակակից արվեստի բաժնի մասնագետները կարծում են, որ վան Գոգի կտավը կարող է աճուրդային նոր ռեկորդ սահմանել։ Նրանց գնահատմամբ՝ այն արտահայտում է նկարչի ստեղծագործական կյանքի արտասովոր լավատեսության, բուռն էներգիայի, ոգևորության, կրքի և վառ գույների մի պահ։
Վան Գոգի մահից հետո՝ 1890 թվականի հուլիսին, «Ծաղկած շագանակենիներ» կտավն անցել է նրա եղբորը՝ Թեոյին, ապա՝ եղբոր այրուն՝ Յոհաննա վան Գոգ-Բոնգերին, և նրանց որդուն՝ Վինսենթ Վիլեմին։
Կտավում պատկերված է հզոր շագանակենի, որի ծաղկած սաղարթը գերիշխում է ստեղծագործության կոմպոզիցիայում։ Այն կվաճառվի վաղուց վաճառքի չհանված 12 ստեղծագործություններից բաղկացած հավաքածուի շրջանակում, որն ընդգրկում է նաև Պոլ Սեզանի և Կլոդ Մոնեի աշխատանքները։
