ԱՄՀ-ն նշել է համաշխարհային ֆինանսական համակարգի գլխավոր ռիսկը
Պետական պարտատոմսերի եկամտաբերության աճը համաշխարհային ֆինանսական համակարգի համար ամենալուրջ ռիսկն է։ Այս մասին Bloomberg News-ին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) դրամավարկային համակարգերի և կապիտալի շուկաների դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Վամվակիդիսը։
«Մյուս ռիսկերն ու խոցելիություններն էլ են խորացել», – հավելել է նա։
Օրինակ՝ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում «շուկայի ճշգրտման» հավանականությունը կարող է ավելի լայնածավալ հետևանքներ առաջացնել։ Այնուամենայնիվ, պետական պարտատոմսերի եկամտաբերության կտրուկ աճի հետ կապված ռիսկը դիտարկվում է որպես առավել անմիջական սպառնալիք։
Գործակալության նշմամբ՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ճապոնիայի կառավարությունների փոխառությունների արժեքը հասել է վերջին մի քանի տասնամյակների առավելագույն մակարդակին, քանի որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցնում է գնաճի արագացման, իսկ կենտրոնական բանկերն արձագանքում են դրան՝ բարձրացնելով տոկոսադրույքները։ Bloomberg-ը նշում է, որ ներդրողները մտահոգված են՝ պատմականորեն բարձր պարտքային բեռի և վերաֆինանսավորման արդեն բարձրացած ծախսերի համադրությունը կարող է էլ ավելի մեծացնել պետական բյուջեների ծանրաբեռնվածությունը։
Շատ կառավարություններ պարտքեր են կուտակել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, այդ թվում՝ 2020 թվականի համավարակի ընթացքում, երբ փոխառությունները մատչելի էին։
«Եթե դիտարկենք վերջին երկու տասնամյակները, ապա ներկայիս իրավիճակն աննախադեպ է թվում», – մեկնաբանել է Վամվակիդիսը տոկոսադրույքների դինամիկան։
Դրա հետևանքով Ֆրանսիայի 10-ամյա հենանիշային պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է գրեթե 5%-ի, իսկ ԵՄ մի շարք այլ երկրներում գերազանցել է 4%-ը։
ԱՄՆ-ում երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2000-ականների սկզբից ի վեր առավելագույն մակարդակին, իսկ Ճապոնիայում՝ 1990-ականների կեսերից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։
Արհեստական բանականության հետևանքով պայմանավորված շուկայի ճշգրտման վտանգը մոտավորապես նույնն է, ինչ վեց ամիս առաջ։
«Այստեղ հակասական միտումներ են նկատվում», – նշել է ԱՄՀ-ի համաշխարհային շուկաների վերլուծության բաժնի փոխտնօրեն Ջեյսոն Վուն։
Նրա խոսքով՝ մի կողմից, բաժնետոմսերի գնահատականները փոքր-ինչ նվազում են՝ կորպորատիվ շահույթի բարձր ցուցանիշների ֆոնին, մյուս կողմից՝ ԱԲ էկոհամակարգում ավելանում է փոխառու միջոցների օգտագործումը՝ ներդրումների եկամտաբերությունը մեծացնելու նպատակով։
ԱՄՀ-ն նաև վերլուծել է այն ֆոնդային շուկաները, որոնք առավել անմիջականորեն են ենթարկվում արհեստական բանականության հետ կապված ռիսկերին։ Պարզվել է, որ Հարավային Կորեան և Ճապոնիան առավել խոցելի երկրների թվում են, մինչդեռ աշխարհի մյուս տարածաշրջանների մեծ մասում այդ խոցելիությունը նվազում է՝ այլ ընկերությունների բաժնետոմսերի գների աճի շնորհիվ։
ԱՄՀ-ի կարծիքով՝ ԱԲ էկոհամակարգում հնարավոր շահույթն ավելացնելու նպատակով փոխառու միջոցների չափազանց մեծ օգտագործման զսպումը պետք է առաջնահերթություն դառնա։ Հիմնադրամը խորհուրդ է տալիս սահմանափակել ԱԲ ոլորտում ներդրումներ կատարելու նպատակով վարկեր վերցնող ներդրողների վարկավորումը, ինչպես նաև բարձրացնել համապատասխան բանկային վարկերի համար կապիտալի պահանջները։
Բացի այդ, ԱՄՀ-ի կարծիքով՝ կարգավորող մարմինները պետք է գնահատեն ԱԲ ոլորտում ներդրումների հետ կապված համակարգային կորուստների հավանականությունը՝ ներառյալ այն ռիսկը, որ փոխկապակցվածության բարձր մակարդակը և ֆինանսավորման շրջանաձև սխեմաները կարող են խորացնել ճգնաժամային իրավիճակը։
