Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Գագիկ Խաչատրյանն ամփոփել է տարին․ կապահովվի շուրջ 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկային եկամուտ
30/12/2015 11:25
Կիսվել

Գագիկ Խաչատրյանն ամփոփել է տարին․ կապահովվի շուրջ 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի հարկային եկամուտ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը դեկտեմբերի 29-ին ամփոփել է տարվա ընթացքում նախարարության կատարած աշխատանքը՝ անդրադառնալով նաև 2015-ի մակրոտնտեսական, ֆինանսավարկային և հարկաբյուջետային ցուցանիշներին: Նախարարը նշել է, որ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված էր ապահովել շուրջ 1 տրիլիոն 38 միլիարդ դրամի հարկային եկամուտ. նախնական գնահատականով ֆինանսական տարին կամփոփվի՝ ապահովելով շուրջ 1 տրիլիոն 65 միլիարդ դրամի եկամուտներ. «Ի սկզբանե հնչեցվել էր, որ ծրագրային ցուցանիշների ապահովումը պարունակում է որոշակի ռիսկեր: Ընթացքը ցույց է տալիս, որ մտահոգությունները հիմնավորված էին»: Նախարարի խոսքով՝ բյուջետային ցուցանիշների վրա էական ազդեցություն են ունեցել տնտեսական աճի գործոնները, հարկային արտոնություններ տրամադրող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև առանձին ապրանքների միջազգային գների անկումը: «Բյուջետային մուտքերի վրա ազդեցություն են ունեցել նաև փոխարժեքների տատանումները, ՌԴ նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառման արդյունքում ռուբլու արժեզրկման, ինչպես նաև ԱՄՆ դոլարի արժևորման հետ կապված առանձին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանում, արտահանողների պասիվացումը, ինչպես նաև ներմուծողների տնտեսական վարքագիծը»:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ այդ ամենի հետևանքով նվազել են իրացման ծավալները, սահմանափակվել է տարեվերջին հատուկ` տնտեսության աշխուժացումը: Այդուհանդերձ, իրականացրած միջոցառումները և վարչարարությունը կանխեցին էական շեղումները բյուջեի եկամտային և ծախսային` նախատեսված սցենարում: Նախարարի փոխանցմամբ, հաջողվել է Կենտրոնական բանկի հետ համատեղ չեզոքացնել առանձին տնտեսական ցուցանիշների վատթարացման էական հնարավոր հետևանքները, դրանց զուգահեռ ապահովել մակրոտնտեսական կայունություն, իսկ առանձին ոլորտներում ու ճյուղերում նաև տնտեսական աճ. «Բյուջետային տարին ավարտվում է` արձանագրելով, որ 2015 թվականին պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ցուցանիշների կատարողականները տարվա արդյունքում շատ չեն տարբերվում ծրագրային մակարդակներից» Նախարարի խոսքով, տարին բավականին մարտահրավերներ էր պարունակում մակրոտնտեսական զարգացումների տեսակետից, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել պետական բյուջեի եկամտային ցուցանիշների կատարման վրա: Այնուամենայնիվ, պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումը տարվա ընթացքում կատարվել է հարթ և սահուն` առանց ցնցումների: Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, պետական մարմինների կողմից պետական բյուջեի շրջանակներում ստանձնած պարտավորությունները ֆինանսավորվել են ժամանակին և ամբողջ ծավալով, ինչը հիմք է հանդիսանում պնդելու, որ տարվա ընթացքում պետական բյուջեի ծախսերի գծով պարտքեր չեն կուտակվել` թեև 2015թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունների ամփոփման ժամկետը 2016թ. առաջին եռամսյակն է. «Համախառն ներքին արդյունքն իրական արտահայտությամբ 2015 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 3.4 տոկոսով: ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսության, արդյունաբերության և ծառայությունների` համապատասխանաբար 8.2, 6.3 և 2 տոկոս աճերով»: Շինարարության ճյուղը համեստ՝ 1.0 տոկոս աճի ցուցանիշ է արձանագրել:

Նախարարի փոխանցմամբ, տնտեսության զարգացման համեստ աճի միտումը շարունակվել է նաև 2015 թվականի հունվար-նոյեմբերին: Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9 տոկոսով: 2015 թվականի հունվար-նոյեմբերի նախնական տվյալներով միջին անվանական աշխատավարձն աճել է 8.5 տոկոսով` կազմելով 181 412 դրամ, որը 0.5 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա աճի տեմպը, ընդ որում` պետական եւ ոչ պետական հատվածներում աշխատավարձներն աճել են համապատասխանաբար` 9.7 և 7.1 տոկոսով: Գագիկ Խաչատրյանը հայտնել է, որ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է. արտահանումը նվազել է 4.7 տոկոսով (1.345.2 մլն ԱՄՆ դոլար)`  հիմնականում պայմանավորված հայրենական արտադրության ապրանքների նկատմամբ արտաքին պահանջարկի կրճատմամբ, իսկ ներմուծումը` 26.2 տոկոսով (2.968.4 մլն ԱՄՆ դոլար), ինչը գլխավորապես պայմանավորված էր ներքին պահանջարկի կրճատմամբ, արտահանման խնդիրներով` հիմնականում միջանկյալ սպառման բնույթի ապրանքների մասով, ինչպես նաև փոխարժեքի արժեզրկմամբ. «Արտահանման կառուցվածքում մեծ կշիռ ունեցող «Հանքահումքային արտադրանքի» աճը 5.8 տոկոսային կետով հակազդել է արտահանման նվազմանը, ինչը հիմնականում պայմանավորված էր նոր հանքավայրերի շահագործմամբ»: Նախարարի խոսքով, ներմուծման նվազման ամենաբարձր` 4.7 տոկոսային կետը պայմանավորվել է` «Թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի ներմուծման նվազմամբ, ինչը հիմնականում պայմանավորված է նույն ապրանքախմբի արտահանման դժվարություններով: Ընթացիկ տարվա 10 ամիսներին բոլոր ապրանքախմբերով` բացառությամբ «Սարքեր և ապարատների», արձանագրվել է  ներմուծման անկում:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ներմուծման աշխարհագրական կառուցվածքում տեղի են ունեցել որոշակի  փոփոխություններ. ՌԴ-ի մասնաբաժինը նախորդ տարվա 25 տոկոսից հասել է 30-ի, ինչը կարող է պայմանավորված լինել հայկական շուկայում ՀՀ դրամի նկատմամբ ՌԴ ռուբլու զգալի արժեզրկման հետևանքով ռուսական ապրանքների մրցունակության բարձրացմամբ. «Չնայած պետական բյուջեի կատարման տեսանկյունից անբարենպաստ տնտեսական միջավայրին, այնուհանդերձ, պետական բյուջեի եկամուտների հավաքման և փոխառու միջոցների ներգրավման ուղղությամբ ներդրված ջանքերի շնորհիվ ապահովվել է պետական բյուջեի ծախսերի` առանց ընդհատումների և հարթ ֆինանսավորման գործընթացը»: Նախարարի տեղեկացմամբ, ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.099 մլն ԱՄՆ դոլար կամ 2.450 մլրդ դրամ: 2015 թվականի ընթացքում ՀՀ կառավարության կողմից արտաքին աղբյուրներից ներգրաված փոխառու միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 888 մլն ԱՄՆ դոլար, որից վարկերի գծով` 400 մլն ԱՄՆ դոլար և արտարժութային պարատոմսերի գծով` 488 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, ՀՀ կառավարության արտաքին պարտքի մարման գծով վճարվել է 257 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին վարկերի գծով` 57 մլն ԱՄՆ դոլար և արտարժութային պարտատոմսերի գծով` 200 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ պետական բյուջեից 2015թ. ընթացքում տրամադրվել են ընդամենը 85.6 մլրդ դրամի բյուջետային վարկեր. «Կազմակերպվել է նախկինում տրամադրված վարկերի գծով պարտավորությունների կառավարման գործընթացը, որի արդյունքում 2015թ. ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 31.0 մլրդ դրամ հիմնական գումար և 15.0 մլրդ դրամ տոկոսագումար»: Էլեկտրոնային կառավարման շնորհիվ «Client-Treasury» համակարգի միջոցով բյուջեների կատարման գործընթացում 2015-ին նվազեցվել են աշխատանքների համար պահանջվող ժամանակը և հնարավոր պատահական սխալների հավանականությունը:

Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխգործակցության շրջանակում տեղեկատվության փոխանակման, մաքսատուրքերի հաշվառման նպատակով ներդրվել է ծրագրային ապահովման նոր մոդուլ: Շարունակվել են աշխատանքները հանրապետությունում նախորդ տարիներից իրականացվող ծրագրային բյուջետավորման բարեփոխումների խորացման ուղղությամբ: Մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ-ում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարությունը, որով նախատեսվում է ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ լիարժեք ծրագրային բյուջետավորման անցման համար՝ սկսած 2018 թվականից. «2016թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է ծախսերի ծրագրային բյուջետավորման ձևաչափով, որը հնարավորություն է տալիս տեսանելի դարձնել ծախսերի նպատակները, շահառուներին, նպատակներին հասնելուն ուղղ-ված միջոցառումները, դրանց կատարումը բնորոշող ոչ ֆինանսական ցուցանիշները` ապահովելով կառավարության հաշվետվողականությունը»: Նախարարը նշել է, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1 տրիլիոն 65 միլիարդ դրամ, 11 ամիսների արդյունքներով փաստացի կատարողականը կազմել է  969.2 մլրդ դրամ, որից 703.4 մլրդ դրամը՝ հարկային, իսկ 265.8 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից ապահովված եկամուտներն են. «Տնտեսական մարտահրավերների պայմաններում հարկային մարմինը պահպանել է խոշոր հարկ վճարողների գլխավոր դերը պետական բյուջեի եկամտային մասի ապահովման գործընթացում. խոշոր բիզնեսից ապահովված հարկային եկամուտներն այս տարի աճել են ավելի քան 9 տոկոսով»:

Գագիկ Խաչատրյանի խոսքով, հարկային եկամուտների կառուցվածքը ցույց է տալիս, որ պետական բյուջեով սահմանված 6.9% միջին աճից շեղումը հիմնականում պայմանավորված է տարվա ընթացքում ներմուծման ծավալների էական նվազմամբ, ինչն ազդել է ոչ միայն սահմանին գանձվող, այլ նաև տնտեսության ներքին ապրանքաշրջանառությունից հաշվարկվող հարկերի վրա: Դոլարային արտահայտությամբ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների ծավալը նվազել է շուրջ 40 տոկոսով: Նախարարը հայտնել է, որ Հայաստանում հաշվառված ավելի քան 120 հազար տնտեսվարող սուբյեկտներից ակտիվ գործունեություն են իրականացնում շուրջ 69 հազարը, որոնցից միայն 11 հազարն են գործունեություն իրականացնում ընդհանուր հարկման դաշտում. «Փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող մոտ 58 հազար հարկ վճարողների կողմից 2015 թվականի 11 ամիսների ընթացքում պետական բյուջե է վճարվել 10.9 մլրդ դրամ շրջանառության հարկ, 8.9 մլրդ դրամ հաստատագրված և արտոնագրային վճարներ»: Փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող հարկ վճարողների տեսակարար կշիռը գործող հարկ վճարողների նկատմամբ կազմում է  շուրջ 84%, սակայն նրանց կողմից կատարված վճարումներն ապահովել են պետական բյուջեի եկամուտների ընդամենը 2.4%-ը:

Գագիկ Խաչատրյանի խոսքով, Ֆինանսների նախարարությունը 2015 թվականի ընթացքում շարունակել է փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող հարկ վճարողների նկատմամբ իրականացնել մեղմ վարչարարություն, մասնավորապես գործածության մեջ է դրվել սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հարկերից ազատման արտոնությունը, բարձրացվել է շրջանառության հարկի շեմը (115 մլն դրամ), կիրառվել են ընտանեկան բիզնեսին տրված արտոնությունները, սահմանափակվել են կամ գրեթե չեն իրականացվել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ. «Հարկային օրենսդրության մեջ կատարված բարեփոխումների արդյունքում սահմանված վերջին երկու արտոնությունները միտված են եղել ապահովել տնտեսական ակտիվություն, սակայն մինչև դրա ապահովումը որոշակի տևական ժամանակահատվածում այդ փոփոխությունները հանգեցրել են պետական եկամուտների էական նվազման»: Հարկային օրենսդրությամբ սահմանված արտոնությունների կիրառման հետևանքով հարկային եկամուտների նվազումը տարվա ընթացքում կազմել է շուրջ 18 մլրդ դրամ:

Նախարարի փոխանցմամբ, տնտեսության մեջ մանրածախ առևտրի, ծառայությունների և սպասարկման ոլորտների ակտիվության վրա էական ազդեցություն է ունեցել տրանսֆերտների կրճատումը` 10 ամսում արձանագրելով 32 տոկոս կամ շուրջ 340 մլն ԱՄՆ դոլարի նվազում: Հարկային եկամուտների վրա ազդել են երեք հիմնական գործոններ` տնտեսական աճը, օրենսդրական փոփոխությունները և վարչարարությունը. «Տարվա ընթացքում ներքին եկամուտների աճ ապահովվել է հիմնականում վարչարարական միջոցառումների հաշվին, որոնցից կառանձնացնեի վերլուծական կարողությունների հզորացումը, որը թույլ տվեց ներդնել ռիսկերի վերհանման և դրանց հիման վրա հսկողական միջոցառումների իրականացման համակարգ»: Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ, 9 ամիսների ընթացքում իրականացված 14 763 կամերալ ուսումնասիրությունների արձանագրությունների  հիման վրա հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված ճշգրտված հաշվարկներով լրացուցիչ հարկային պարտավորություն է հաշվարկվել 3 526.6 մլն դրամ, 1 293.1 մլն դրամով նվազել է 2014 թվականի շահութահարկի հաշվարկներով հայտարարագրված հարկային վնասը, իսկ ընդհանուր հսկողական գործիքներով այդ վնասը տարվա ընթացքում նվազել է ավելի քան 80 մլրդ դրամով: Նախարարի խոսքով, արդյունքների ապահովմանը նպաստել են նաև համակարգում իրականացված կառուցվածքային և գործառութային փոփոխությունները, որոնց արդյունքում կրճատվել են հսկողական գործառույթ իրականացնող 20 բաժիններ, հատկապես` ստուգող անձնակազմը. «Առաջին անգամ հարկային  մարմնի պատմության մեջ վերացվել է հարկային տեսուչների ամրակցումն ըստ տարածքների, իսկ 2016-ից փորձ է արվելու վերացնել նաև տեսուչների ամրակցումը կազմակերպություններին, այդ ուղղությամբ փորձնական ծրագիը 2015-ի չորրորդ եռամսյակում արդեն իսկ իրականացվել է»: Գագիկ Խաչատրյանի խոսքով, աշխատանքներ են իրականացվել միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի կնքման ուղղությամբ, որոնք ուղղվելու են տնտեսության համար առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորմանը: Մասնավորապես, 2015թ. ընթացքում ստորագրվել են մի շարք վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Եվրասիական զարգացման բանկի և դոնորների հետ: Վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընդհանուր գումարը կազմել է 1.210.000.000 ԱՄՆ դոլար և 113 մլն եվրո:

Գագիկ Խաչատրյանը նշել է, որ համաձայնագրերի շրջանակներում ֆինանսավորվելիք ծրագրերի համատեքստում միայն էներգետիկայի ոլորտին հատկացվել է 146 մլն եվրո, ճանապարհաշինությանը` 112 մլն ԱՄՆ դոլար, բյուջետային աջակցությանը և հանրային հատվածի արդիականացմանը` 70 մլն և այլն: Ընդհանուր առմամբ, ստորագրվել են թվով 20 վարկային և 5 դրամաշնորհային համաձայնագրեր: Համեմատելով վերոնշյալ ցուցանիշները նախորդ` 2014թ. հետ, կարելի է փաստել, որ այդ ժամանակաշրջանում ստորագրվել են 137.2 մլն եվրո և 307 մլն ԱՄՆ դոլար արժողություններով վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Նախարարը նշել է, որ 2015 թվականի ընթացքում շարունակվել են հարկային և մաքսային օրենսդրության կատարելագործման աշխատանքներն՝ ուղղված ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված՝ գործարար միջավայրի բարելավմանը, ստվերային տնտեսության կրճատմանը և հարկային ու մաքսային համակարգերի կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ մշակվել է ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի նախնական տարբերակը. «Մեծ ուշադրություն է հատկացվել հատկապես միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանն ու բազմակողմանի վերլուծությունների իրականացմանը՝ նպատակ ունենալով մշակել երկարաժամկետ հատվածի համար նախատեսված այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կընձեռի ապահովել նպաստավոր ու կանխատեսելի հարկային միջավայր, երկարաժամկետ և կայուն տնտեսական աճ, պետական բյուջեի հարկային եկամուտների աճ, ինչպես նաև հասարակության տարբեր սոցիալական խմբերի եկամուտների արդարացի վերաբաշխում»: Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ, հարկային օրենսգրքի նախագիծը քննարկվել է կառավարության նիստում և հավանության է արժանացել, նաև հարկային խորհրդում են ակտիվ քննարկումներ կազմակերպվում, որոնց ներգրավված են ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունների ու գործարար միջավայրի ներկայացուցիչները: Նախատեսվում է մարտին նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ ազգային ժողովի քննարկմանը: 2015-ին շարունակվել են ներդրումների ներգրավմանն ու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:

Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2016 թվականի հունվարի 1-ից ամբողջությամբ անցում է կատարվելու հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգին, ինչն էականորեն կկրճատի հարկային հաշվառման վրա ծախսվող ժամանակն ու կարևոր ներդրում կլինի ստվերային տնտեսության դեմ պայքարի գործում: Նախարարությունն ակտիվ մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մշակվել և շրջանառվել են 22 իրավական ակտերի նախագծեր: Նախարարի խոսքով, Ֆինանսների նախարարության կողմից իրականացված բարեփոխումները շարունակել են դրական ազդեցություն ունենալ միջազգային տարբեր վարկանիշներում: Մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը-2016» վարկանիշային սանդղակում Հայաստանը զբաղեցրել է 35-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 3 կետով. ««Հարկերի վճարումը» ցուցանիշով մեր երկիրը զբաղեցրել է 41-րդ տեղը՝ կրճատելով հարկերի վճարման համար ծախսվող ժամանակը և ընդհանուր հարկային բեռը: Առաջընթաց է արձանագրվել նաև «Սահմանային առևտուր» ցուցանիշով. 58-րդ դիրքից բարձրացել ենք 29-րդը, ինչը պայմանավորված է նաև ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում  փաստաթղթաշրջանառության, անհրաժեշտ ժամանակի և ծախսերի կրճատմամբ»:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90