Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6%
26/06/2018 16:40
Կիսվել

Կենտրոնական բանկ. վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6%

2018 թ. հունիսի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

2018 թ. մայիսին արձանագրվել է 1.0% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը նույնպես որոշակիորեն ցածր է գտնվել ԿԲ սպասումներից։                                                                                                                                                              

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկեր երկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչն արտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերի տոկոսադրույքների բարձրացմամբ: Այս ամենի ներքո ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է որոշակի գնաճային ռիսկերի ավելացում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից բարձր՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով։ Պահանջարկի կողմից այն հիմնականում արտահայտվում է ներդրումների աճի բարձր տեմպերով, մինչդեռ, արտասահմանից դրամական փոխանցումների աճի տեմպերի դանդաղման պարագայում, մասնավոր սպառման աճը համեմատաբար ավելի ցածր է գրանցվել։ Այս պարագայում Խորհուրդը գնահատում է, որ համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա եղել է սպասվածից ավելի թույլ։ Վերջինս արտահայտվել է թե՛ բնականոն գնաճի և թե՛ գնաճային սպասումների ավելի ցածր մակարդակների ձևավորմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տնտեսության վրա իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ընդլայնող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համաշխարհային տոկոսադրույքների աճի ներքո: Միևնույն ժամանակ Խորհուրդը գնահատում է, որ, չնայած առկա ցածր գնաճային միջավայրին, միջնաժամկետ հատվածում դեռևս պահպանվում է խթանող դրամավարկային պայմանների աստիճանական չեզոքացման անհրաժեշտությունը՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. հուլիսի 10-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67