
Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՎԶԵԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին
Հուլիսի 31-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրանս Վիկերսին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ատոմ Ջանջուղազյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կան առկա գործակցությունը խորացնելու եզրեր:
Ֆրանս Վիկերսը ևս կարևորել է Հայաստանի հետ գործակցությունը և հայտնել, որ բանկն առավելապես համագործակցում է մասնավոր հատվածի հետ և պատրաստ է նպաստել պետություն-մասնավոր հատված գործընկերության ընդլայնմանը: ՎԶԵԲ ներկայացուցիչը ողջունել է Հայաստանում հարկային բարեփոխումների գործընթացը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև գործակցության զարգացմանն ուղղված հարցեր և անդրադարձել նախարարության ոլորտային բարեփոխումներին, մասնավորապես, Հայաստանում ներդրված պարտքը կայունացնող հարկաբյուջետային քաղաքականությանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը 2019 թվականին անցում է կատարելու ծրագրային բյուջետավորմանը, քանի որ դա հնարավորություն կընձեռի առավել ճշգրիտ գնահատել ծախսերի արդյունավետությունը: