ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ
Հարցազրույց ռուսական «Նևա-Ռուս» ինվեստիցիոն ընկերության ներդրումների գծով տնօրեն Կարեն Ղազարյանի հետ:
«Նևա Ռուսը»-ը վերջին տարիների ընթացքում Ռուսաստանի ամենաակտիվ ներդրումային ընկերություններից է, միևնույն ժամանակ ձեր ընկերությունը կարծես թե ոչ հանրային է, և շատ ձեռքբերումների մասին հանրությունը տեղյակ չի լինում. կխնդրեինք մի փոքր բացել փակագծերը` ինչպիսին են «Նևա-Ռուսի» գործունեության ոլորտները, աշխարհագրությունը և պորտֆելը:
Այո, մենք բավական ակտիվ ենք, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, քանի որ Ռուսաստանի և միջազգային գործարար շրջանակները բավական լավատեղյակ են մեր իրականացրած գործունեությունից: «Նևա-Ռուս»-ը ներդրումային ընկերություն է և հիմնականում մեր բոլոր ակտիվները ինքնավար բիզնես միավորներ են, այդ իսկ պատճառով մեր ներդրումային ընկերության գործունեությունից ավելի շատ տեղեկացված են լինում բիզնես շրջանակներում, իսկ հանրությանը ավելի հայտնի են մեր ակտիվները, որոնք, ի դեպ, հիմնականում շատ կարևոր հանրային ֆունկցիաներ են իրականացնում, «Մեթըլ Փրինս»-ի օրինակը դրա վառ ապացույցն է:
Ինչ վերաբերվում է ներդրումների ոլորտներին, ապա մեր պորտֆելը ընդգրկում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են ռուսական «О Кей» հիպերմարկետների ցանցը, որն իր գործունեության ոլորտում առաջատարներից է, «Սանկտ Պետերբուրգ» բանկը, որն IPO իրականացրած ռուսական առաջին մասնավոր բանկն է, «Մեգա Ավտո» ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման դիլերային ցանցը, «Չայնայա Լոժկա» արագ սննդի 47 ռեստորաններից բաղկացած ցանցը, «Մեթըլ Փրինս»-ը և այլ ակտիվներ: Իսկ ներդրումների ներկա աշխարհագրությունը և հետաքրքրության շրջանակը ներառում է Ռուսաստանը, ԱՊՀ երկրները, Մերձավոր Արևելքը, Արևելյան Եվրոպայի երկրները և Աֆրիկան:
Քանի որ նշեցիք «Մեթըլ Փրինս» ընկերությունը, խնդրում ենք մի փոքր պատմեք «Նևա-Ռուս»-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի մասին:
Հայաստանում մեր ընկերության կողմից իրականացված առաջին ներդրումային ծրագիրը «Մեթըլ Փրինս» ընկերության բաժնետոմսերի ձեռբերումն էր, որն այն ժամանակ հանդիսանում էր «Ախթալայի ԼՀԿ» և «Սագամար» ընկերությունների սեփականատեր: Այնուհետև մենք, արդեն «Մեթըլ Փրինս» ընկերության միջոցով, ձեռք բերեցինք «Մոլիբդենի աշխարհ» (Դաստակերտի հանքավայր) ընկերության 100% բաժնետոմսերը:
Մեր համատեղ ներդրումների շնորհիվ ամբողջովին վերակառուցվեց «Ախթալայի ԼՀԿ»-ի բազմամետաղի հարստացման երկրորդ գիծը, մակաբացվեց և սկսվեց Շամլուղի բաց հանքի շահագործումը, վերականգնվեցին Շամլուղի փակ հանքի երեք հորիզոնները, վերակառուցվեցին ձեռնարկության պոչամբարները: Այս ամենի արդյունքում «Ախթալայի ԼՀԿ»-ի արտադրանքի ծավալն ավելացավ մոտ 4 անգամ:
Լրացուցիչ ներդրումների շնորհիվ «Սագամար»-ում կազմավորվեց հանքային տեխնիկայի պարկը, ավարտվեցին մակաբացման աշխատանքները և սկսվեց 500 հազար տոննա հզորությամբ բազմամետաղի հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը` իր ամբողջ ենթակառուցվածքներով:
Ինչ վերաբերվում է «Մոլիբդենի Աշխարհ»-ին, ապա մենք երկրաբանական պաշարների գնահատման նպատակով շարունակում ենք աշխատանքները, հույս ունենք զգալիորեն ավելացնել Դաստակերտի հանքավայրի պաշարները և դրա հիման վրա որոշել ապագա հարստացուցիչ ֆաբրիկայի հզորության չափը և գնահատել ակնկալվող ներդրումները: Կարող եմ միայն նշել, որ մեր նախնական հաշվարկներով, կախված նախագծվող ֆաբրիկայի հզորությունից, դրանք կկազմեն զգալի գումարներ:
Նշեմ նաև, որ «Մեթըլ Փրինս»-ը հանքարդյունաբերության ոլորտում «Նևա-Ռուս»-ի կողմից իրականացված առաջին նախագիծն է, և մոտ ապագայում պլաններ ունենք դառնալու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի 2-3-րդ ընկերությունը:
Նևա-Ռուսը ինչ ծավալի ներդրումներ է իրականացրել Հայաստանում:
Մինչ օրս Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարվել են մոտ 100 միլիոն դոլարի ներդրումներ: Մոտ ապագայում բաժնետերերի կողմից հաստատված ներդրումային ծրագրի շրջանակում լրացուցիչ կներդրվեն զգալի ֆինանսական միջոցներ: Սա չի վերաբերում Դաստակերտի ֆաբրիկայի նախագծին, որտեղ ինչպես նշեցի, ներդրումային գումարների չափը կախված է նախագծային հզորությունից, որն էլ կորոշվի միայն երկրաբանական աշխատանքների ավարտից հետո:
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ներդրումային ծրագիրը Նևա-Ռուսի առաջին նախագիծն է Հայաստանում և միևնույն ժամանակ առաջին նախագիծն է հանքարդյունաբերության ոլորտում: Նոր երկիր, գործունեության նոր ոլորտ, ինչու Հայաստանը, և ինչքանով է կապված այս նախագիծը անձամբ ձեր անձի, ավելի ճիշտ ասած` ձեր ազգային պատկանելիության հետ:
Կարող եմ միայն ասել, որ հիանալի հնարավորություն ունեմ բնակվելով Մոսկվայում հաճախակի այցելել հայրենիք: Հայաստանի Հանրապետությունը բավական լիբերալ պետություն է և խրախուսում է օտարերկրյա ներդրողներին: Դա պայմանավորված է լիբերալ օրենքներով և օրենսդրությամբ, որոնք գրված են Ռուսաստանի և Եվրոպական երկրների օրենքների տրամաբանությամբ: Կապիտալի ներմուծման և արտահանման հետ կապված սահմանափակումներ չկան, բանկային համակարգը համապաասխանում է ներդրողների նվազագույն պահանջներին, ամուր է սեփականության իրավունքի ինստիտուտը: Շատ կարևոր է նաև հանրապետության իշխանությունների վարած քաղաքականությունը, որը խրախուսում է ներդրումները և տրամադրում երաշխիքներ: Պետք է հատուկ նշեմ, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահը և վարչապետը բազմիցս աջակցել են մեզ: Այս ամենի հետ միասին չափազանց կարևոր է ազնիվ և վստահելի գործընկերոջ առկայությունը, կարող եմ համոզված ասել, որ «Նևա-Ռուս»-ը Հայաստանում ունի այդպիսի գործընկեր:
Միթե ամեն ինչ այդքան հարթ է, թե դժվարություններ էլ կան:
Իհարկե կան խնդիրներ կապված օրենսդրական բարեփոխումների, դատական համակարգի զարգացման և հարկային վարչարարության հետ: Կան խնդիրներ նաև աշխատանքային օրենսդրության հետ կապված, որը վառ արտահայտված սոցիալական ուղղվածություն ունի:
Մի քանի տարի առաջ Հայաստանը մրցունակ էր, սակայն վերջին տարիներին զգալիորեն աճել են ծախսերը, խոսքը նաև աշխատավարձերի մասին է, բարձր են նաև վառելիքի և տրանսպորտային փոխադրումների գները: Սա նաև կապված էր «թանկ դրամի» քաղաքականության հետ: Այս ամենի պատճառով եկամուտների համեմատ ծախքերի տեսակարար կշիռն աճել է: Նշեմ նաև, որ բավական ցածր է աշխատանքի արտադրողականությունը: Վերջին մի քանի տենդենցներն, իհարկե, դժվարացնում են ներդրողների ներհոսքը Հայաստան:
Օրինակի համար նշեմ, որ այժմ մենք ուսումնասիրում ենք Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ներդրումային բարձր պոտենցիալ ունեցող որոշ նախագծեր, և ասեմ, որ հանքարդյունաբերության ոլորտում Ղազախստանը և Ղրղզստանը վերջին շրջանում որոշ գործոններով ավելի շահավետ վիճակում են, քան Հայաստանը: Ինչպես նշեցի` առաջին հերթին Հայաստանն իր տեղը զիջում է բարձր ծախքերի առումով, չնայած մնացած գործոններով դեռևս հետաքրքիր է:
Ճգնաժամի պայմաններում շատ Հայկական ընկերություններ դադարեցրեցին իրենց աշխատանքը, էլ չխոսենք ներդրումների մասին, իսկ դուք շարունակեցիք աշխատել և ավելին, իրականացրեցիք և շարունակում եք իրականացնել ձեր ներդրումային ծրագիրը:
Մենք լուրջ խորհրդակցություններ ունեցանք ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սկզբում իհարկե հնչում էին տարբեր կարծիքներ, ցանկանում էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, սակայն, հաշվի առնելով մեր երկարաժամկետ ռազմավարությունը Հայաստանում, մեր սոցիալական դերը, ՀՀ իշխանությունների կողմից մեր հանդեպ ցուցաբերած խրախուսող վերաբերմունքը և, իհարկե, հիմնվելով մետաղների շուկայի մեր երկարաժամկետ կանխատեսումների վրա, համաձայնեցինք մեր հայաստանյան գործընկերոջ հետ և որոշվեց, թեկուզ ֆինանսական կորուստներ կրելով, շարունակել մեր աշխատանքն ամբողջ թափով` կուտակելով և չվաճառելով խտանյութը, և շարունակել մեր ներդրումային ծրագիրը: Դա տվեց իր արդյունքը, քանի որ գների բարձրացմամբ, ունենալով պահուստավորված զգալի արտադրանք և ունենալով հզոր ֆաբրիկա, մենք լուծեցինք մեր դրամական հոսքերի ճեղքվածքի խնդիրը:
Մեթըլ Փրինսը, լինելով Հայաստանում և հանքարդյունաբերության ոլորտում ձեր առաջին ներդրումային նախագիծը, ինչպիսի ազդեցություն ունեցավ «Նևա-Ռուսի» ներդրումային քաղաքականության վրա:
Իհարկե նախագիծը ռիսկային էր` գումարած ճգնաժամի գործոնը, սակայն մենք ոլորտում մեծ ապագա ենք տեսնում, և Հայաստանում իրականացվող ծրագիրը մեծ ազդեցություն ունեցավ մեր ներդրումային քաղաքականության վրա, քանի որ որոշում ենք կայացրել մոտակա տարիների ընթացքում մեր ուժերը հիմնականում կենտրոնացնել հանքարդյունաբերության ոլոտում, ակնկալում ենք նոր ձեռքբերումներ կատարել:
Շատ կարևոր է մեր հաջող փորձառությունը Հայաստանի Հանրապետությունում: Մենք պարբերաբար շփվում ենք տարբեր բանկերի և ներդրումային հիմնադրամների հետ, որոնք մեր հաջողություններով պայմանավորված` սկսում են հետաքրքրվել հայաստանյան նախածերով: Այժմ մի շարք միջազգային ընկերությունների կողմից Հայաստանում համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելու մի շարք հետաքրքիր առաջարկներ ունենք:
Որպես պրակտիկ ներդրող ինչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին, ինչ գործոններ եք հաշվի առնում ներդրումներ կատարելիս և որ ոլորտներն են այժմ առավել հետաքրքիր ներդրումների իրականացման համար:
Իհարկե մինչև այդպիսի որոշում կայացնելը պետք է լրջորեն և մանրակրկիտ ուսումնասիրել այն ոլորտները, որոնցով դուք հետաքրքրված եք: Հաշվի են առնվում նախագծի եկամտաբերության աստիճանը, մենեջմենթի կարողություններն իրականացնել իր առջև դրված խնդիրները, օրենսդրական դաշտը, քաղաքական և երկրին առնչվող այլ ռիսկերը, կադրերի պատրաստվածության աստիճանը, կապիտալի տեղաշարժի հետ կապված սահմանափակումները և բազմաթիվ այլ գործոններ: Մեր կողմից կատարվող վերլուծությունները ցույց են տալիս, որ այժմ բավական խոստումնալից է ոսկու արդյունահանման ոլորտը:
Կարեն Ղազարյան`
Մեդալով ավարտել է Երևանի N149 դպրոցը, 1998թ.-ին կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, 1999-2001 թթ.-ներին ԱՄՆ կառավարության Muskie ծրագրի շրջանակներում ուսուցանել է Նյու-Յորքի Սիրակուզ համալսարանում և ստացել մագիստրոսի կոչում: 2001-ին պաշտպանել է թեկնածուական աստիճան` ներդրումների ներգրավման բնագավառում: Մասնակցել է Հարվարդի համալսարանի Բիզնես դպրոցի ղեկավարների համար կազմակերպված դասընթացների:
Աշխատանքային գործունեության ընթացքում ձեռբերումներ և զանազան ներդրումային ծրագրեր է իրականացրել Ռուսաստանում, ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրներում:
2007թ.-ից զբաղեցնում է «Նևա-Ռուս» ներդրումային ընկերության ներդրումների գծով տնօրենի պաշտոնը:
Մեկ տասնյակից ավելի հոդվածների և հրապարակումների հեղինակ է: