ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՐԻԿ ԴԵՎԵՋՅԱՆԻՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետին առընթեր Տնտեսական վերելքի ծրագրի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին` վարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դեւեջյանին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործին բերած մեծ ավանդի համար։ Խոսելով կրթական ոլորտում ծավալված համագործակցությունից` նա բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների ուսումնական պրակտիկայի անցկացումն Օ-դը-Սեն դեպարտամենտի ձեռնարկություններում։
Տիգրան Սարգսյանը եւ Պատրիկ Դեւեջյանը քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցության ընթացքը եւ հեռանկարները։ Առանձնակի ուշադրության է արժանացել «Տավուշ–2012» ծրագիրը, որն իրականացվում է Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից «Հայաստան համահայկական հիմնադրամին» հատկացված դրամաշնորհներով։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման համակարգերի վերականգնում եւ կառուցում, կաթնամթերման կայանի եւ ժամանակակից գյուղատնտեսական սարքավորումների բազայի ստեղծում։ Ֆրանսիայի Տնտեսական վերելքի ծրագրի նախարարը նշել է, որ ծրագիրը կնպաստի սահմանամերձ շրջաններում բնակչության կենսապայմանների բարելավմանը եւ աղքատության կրճատմանը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տարածքների համաչափ զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը։ Տիգրան Սարգսյանը որպես առաջնահերթություններ կարեւորել է գյուղական շրջանների, օրգանիկ գյուղատնտեսության եւ գյուղական զբոսաշրջության զարգացումը։ Անդրադարձ է արվել գյուղական շրջաններում ճանապարհաշինության ծրագրերին, մասնավորապես «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի համալիր ծրագրին։
Քննարկվել է նաեւ համահայկական կառույցների գործունեությունը։