Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
02/09/2011 11:13
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հոբելյանի կապակցությամբ ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պետական բարձր պարգևների արժանացածներին, մաղթել նրանց և բոլոր ներկաներին` առողջություն, հաջողություն և խաղաղություն ինչպես մեր սահմաններում, այնպես էլ հայոց ընտանիքներում:

ՀՀ նախագահը նաև իր շնորհավորական խոսքն է հղել ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վաղը ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության տոնն է: Տոնն է մարդու և ազգի ազատության, տոնն է մարդու և ազգի արժանապատվության, տոնն է ոտնահարված իրավունքների վերականգնման, տոնն է պատմական արդարության հաղթանակի:

Սեփական տանը ազատ ու ապահով ապրելու, իր երեխաներին հարազատ մշակույթի ու եկեղեցու ծոցում մեծացնելու իրավունքը յուրաքանչյուրին տրված է ի վերուստ: Ո՛չ պայքարով ու տառապանքներով լի դարերը, ո՛չ հայահալած բռնապետության տասնամյակները չկարողացան և չէին կարող կոտրել մեր վճռականությունը, չկարողացան և չէին կարող նաև խլել մեր իրավունքը:

Այն դաժան, տևական ու հրեշավոր պատերազմը, որ մեզ պարտադրվեց, կարող էր հուսահատության հասցնել ում ասես, բայց ո՛չ արցախցուն: Արցախի ինքնապաշտպանական ջոկատներն իրե՛նք հուսահատության հասցրին և խուճապահար փախուստի մատնեցին նրանց, ովքեր մեր գեղատեսիլ ու հարուստ երկրամասը վերածել էին դժոխքի: Սպանդ, ավեր ու թալան, էթնիկ զտումներ, խաղաղ բնակչության բնաջնջում` ահա աշխարհի աչքի առաջ ինչով էր զբաղված այն ուժը, որ պաշտոնապես կոչվում էր Ադրբեջանի հանրապետության զինված ուժեր: Իսկ մեզ համար ելուզակների ու վարձկանների այդ հեղեղը պատմական փորձություն էր, որ մեզ այլընտրանք չէր թողել. կա՛մ մենք փորձության կրակների միջից պետք է դուրս գայինք թրծված, ավելի ամրացած, կա՛մ պետք է դադարեինք լինել: Մենք ընտրեցինք կյանքը, և այսօր մենք տոնում ենք կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ:

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան` մեզ կտակելով այս պայծառ տոնը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնում է 20 տարեկան: Դա նշանակում է, որ Արցախի սահմանները պաշտպանելու են զորակոչվում արդեն անկախության սերունդ մեր որդիները: Նրանց մանկությունը մթագնվեց պատերազմի ահավոր տեսարաններով ու ձայներով, նրանք չտեսան անհոգ մանկություն: Փոխարենը` նրանք վկան եղան իրենց եղբայրների ու հայրերի սխրանքին, իրենց մայրերի ու քույրերի, իրենց տատերի ու պապերի, մի խոսքով` համաժողովրդական սխրանքին: Արցախի ինքնապաշտպանական պատերազմը, որպես վավերագիր, արդեն դասագրքերի մեջ է, բայց առաջին հերթին այն մեր սրտերում է` իր ողջ դրամատիզմով ու հերոսականությամբ:

Եթե նախկինում Արցախը հայության ցավն էր, ապա այսօր հայության հպարտությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր բոլոր կառույցներով: Նույնիսկ պատերազմի սպառնալիքի պայմաններում նա անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան նրանք, ովքեր ժողովրդավարության ու ազգային հանդուրժողականության մասին խոսում են հայության դեմ հերթական պատերազմի սպառնալիքներ հնչեցնելուց ազատ ժամանակ:

Հայաստանը, Արցախը ու Սփյուռքը մեկ ամբողջականություն են: Մենք բոլորս` հայության բոլոր հատվածներս, միմյանց շարունակությունն ենք: Մենք ամեն ինչ անելու ենք ոչ միայն Արցախի խաղաղության, անվտանգության ամրապնդման, այլև սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման համար: Կան ծրագրեր, որոնք այսօր են կյանքի կոչվում, կան նաև բազում նորերը, որ մշակման փուլում են: Մենք քայլ առ քայլ շարժվում ենք մեր նպատակների իրականացման ճանապարհով:

Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը շարունակվում է: Մենք, ի տարբերություն ոմանց, ճշմարտությունը չենք թաքցնում մեր ժողովրդից և ցանկալին չենք ներկայացնում իրականության փոխարեն: Մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի:

Արցախի ժողովրդի կյանքն ու ազատությունը չի կարող հանձնվել ինչ-որ մեկի տնօրինությանը կամ քմահաճույքին: Այն ինչ հնարավոր եղավ 1923 թվականին, անհնար է 21-րդ դարում, մանավանդ որ մենք չափազանց մեծ գին ենք վճարել դրա համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորում եմ այս մեծ տոնի առթիվ: Ինձ համար Արցախն աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը: Լինել այս հող ու ջրի զավակը, արդեն բախտավորրություն է, իսկ այստեղ ապրել ազատ ու ապահով` կրկնակի երջանկություն է: Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում լուծված են լինելու բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, և Արցախ աշխարհն ավելի մեծ շուքով տոնելու է ավելի մեծ հոբելյաններ:

Կեցցե՛ ազատ Արցախը:

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6