Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ
01/10/2013 18:17
Կիսվել

Սերժ Սարգսյանը Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերից սնուցվող հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները վերջին քսան տարիների ընթացքում շարունակական զարգացում են ապրել` հասնելով պատմականորեն ամենաբարձր մակարդակին: Հայ-ֆրանսիական բարեկամությունը, Նախագահի բնորոշմամբ, այնքան խորը, ընդգրկուն և բազմաշերտ է, որ դժվար է մի քանի նախադասությամբ բնութագրել այն:

Սերժ Սարգսյանի խոսքով, հարաբերությունների նման որակի երկու երկրները հասել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության պարբերականության` այդ թվում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխայցերի, միջխորհրդարանական սերտ համագործակցության, մշակութային, կրթական, գիտական սերտ կապերի, ինչպես նաև տարբեր ոլորտների պատասխանատուների բնականոն շփումների շնորհիվ:

Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններում վերջին տարիներին բարձր մակարդակի այդ երկխոսությունը պահպանելու հրաշալի ավանդույթ է ձևավորվել՝ տարեկան առնվազն մեկ հանդիպում ունենալ նախագահների մակարդակով, որի ժամանակ քննարկվում են հայ-ֆրանսիական, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը, տարածաշրջանային և գլոբալ հրատապ խնդիրները:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօրվա հանդիպմանը ևս հանգամանորեն անդրադարձել են վերոնշյալ թեմաներին:

Առևտրատնտեսական հարաբերությունների առումով Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել Հայաստանում ֆրանսիական գործարար ստվար համայնքի առկայությունն այնպիսի առաջատար ընկերություններով, ինչպիսիք են «Կարֆուրը», «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրեկոլը», «Ալկատելը», «Վեոլիան», որոնց շուտով կավելանան նաև նորերը:

Նախագահը կարևորել է ընթացիկ տարվանից մեկնարկած Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության ծրագրերը: Նա ընդգծել է, որ հաջողությամբ է զարգանում նաև ապակենտրոնացված համագործակցությունը` գործընկերային սերտ կապեր են հաստատվել Հայաստանի և Ֆրանսիայի 30-ից ավելի տեղական իշխանությունների միջև: Այդ համատեքստում Ֆրանսիայի Նախագահը հատկապես կարևորել է ս.թ. հոկտեմբերի 15-17-ին Վալանսում կայանալիք ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համագումարը:

Անդրադառնալով միջխորհրդարանական կապերին` Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ երկու երկրների խորհրդարաններում ակտիվ գործում են բարեկամության պատգամավորական խմբերը: Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ, և հաջողությամբ են զարգանում նաև հայ-ֆրանսիական մշակութային-կրթական կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը վերստին շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ֆրանսիական կողմի երկարամյա հետևողական ջանքերի համար: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ ընդգծել են, որ այլընտրանք չեն տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առանձնակի կարևորում են Ֆրանսիայի Նախագահի անձնական ներգրավվածությունն այս հարցում:

Զրուցակիցները մանրամասնորեն քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հեռանկարները: Նրանք համակարծիք են եղել այն հարցում, որ պետք է առավելագույն ջանքեր գործադրել պահպանելու համագործակցության տեմպը և որակը, շարունակելու Հայաստանում բարեփոխումների գործընթացը, ինչի վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը: Նախագահ Օլանդը վստահեցրել է, որ Ֆրանսիան` որպես Հայաստանի բարեկամ և ԵՄ առաջատար պետություններից մեկը, որպես միջազգային խոշոր դերակատար, կշարունակի այսուհետ ևս աջակցել Հայաստանի եվրոպական օրակարգի առաջմղմանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահը վերստին իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ֆրանսիայի նշանակալի ներդրման համար:

Երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի երկխոսության շարունակականությունն ապահովելու նպատակով, Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստան պետական այց կատարելու Նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված հրավերը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45