Նախագահն ընդունել է Սուրբ Աթոռի Արեվելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայ Կաթողիկե Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանը:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և գոհունակությամբ փաստել, որ Հայաստանի և Վատիկանի` ավելի քան 20-ամյա պատմություն ունեցող դիվանագիտական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ: Նախագահի խոսքով, կարդինալ Սանդրիի այցը վառ ապացույցն է նրա, որ հայ-վատիկանյան հարաբերությունները մշտապես երկկողմ հոգածության կենտրոնում են և շարունակում են ամրապնդվել։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել կարդինալ Լեոնարդո Սանդրիի անձնական մեծ ավանդը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում, նշելով, թե տեղյակ է՝ որքան ուշադիր և հոգատար է կարդինալը հայ ժողովրդին հուզող հարցերի նկատմամբ։
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ հոգևոր արժեքների պահպանման, Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկկողմ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայանպաստ ակտիվ գործունեության համար:
«Շնորհակալ ենք Ձեր անձնական նվիրումի և մեծ աջակցության համար։ Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբազնություն, այս պարգևը՝ որպես խորհրդանիշ մեր մեծ երախտագիտության։ Հայ ժողովուրդն իր պատմության էջերում մեծ ակնածանքով է պահում այն անունները, ովքեր անտարբեր չեն եղել իր խնդիրների նկատմամբ, ովքեր երբևէ մասնակցություն են ունեցել դրանց լուծմանը»,-ասել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է, թե դժվար է գերագնահատել Վատիկանի դերը ոչ միայն քրիստոնյա աշխարհի համախմբման գործում, այլև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների, հանդուրժողականության, փոխըմբռնման ու խաղաղության պահպանման հարցում: Նրա խոսքով, դրա վառ վկայությունն է Վատիկանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որը պատմական արդարության վերականգնմանն ուղղված քայլ էր և հարգանքի տուրք այն հայ քրիստոնյաներին, ովքեր զոհ դարձան Օսմանյան Թուրքիայում իրականացված ահասարսուռ ոճրագործություններին: Հռոմի Պապի կողմից ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի տպավորությունները, ըստ Հանրապետության Նախագահի, դեռ երկար տարիներ կմնան հայ ժողովրդի հիշողության մեջ։
Սերժ Սարգսյանը նշել է, թե հայ ժողովրդի համար մեծ հպարտություն է, որ կաթոլիկ եկեղեցու՝ շուրջ 2000-ամյա պատմության ընթացքում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացած 36 մեծագույն մտածողներից մեկն էլ հայ ժողովրդի զավակ, միջնադարյան մտքի հանճար, Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացին է։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Վատիկանի միջև մշակութային համագործակցության զարգացումը: Զրուցակիցները ողջունել են այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ մշտապես բարձր մակարդակի վրա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը։
Կարդինալ Սանդրին երախտագիտություն է հայտնել իրեն շնորհված բարձր պարգևի և ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ իր նկատմամբ ցուցաբերված նման վերաբերմունքն ընդունում է Հայաստանի վսեմ հողի և նրա որդիների ու դուստրերի նկատմամբ մեծագույն պատկառանքով և բարեկամության զգացումով: «Երկար տարիներ ծառայելով որպես պետքարտուղարի տեղակալ, իսկ այժմ նաև Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ՝ ես առիթ եմ ունեցել մասնակցելու միջոցառումների, որոնք բարեկամության և փոխգործակցության օրինակ են ձեր երկրի և Սուրբ Աթոռի միջև. Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը, Սուրբ Հովհաննես Պողոսի Բ-ի հիշարժան ճանապարհորդությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը Սուրբ Պետրոսի տաճարի խորաններից մեկում, նույն տաճարի բակերից մեկը ի պատիվ նրա անվանակոչելը, բազում այցեր Սրբազան քահանայապետին, այդ թվում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, և նաև Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագը, որ մատուցվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից՝ Սուրբ Պետրոսի խոստովանության զոհասեղանի մոտ, և որի ականատեսը դարձավ ամբողջ աշխարհը:
Մենք, իսկապես, կարող ենք սա կոչել լիարժեք բարեկամություն, և ես ողջունում եմ այս պատիվը, որն այսօր շնորհվում է ինձ՝ ի նշան այս սերտ կապի Հայաստանի Հանրապետության, Սրբազան քահանայապետի և Առաքելական աթոռի միջև:
Ես ընդունում եմ, որ այն շնորհվում է ոչ այնքան իմ անձին, որքան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Անշուշտ, դա մեծ պատիվ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են Հայաստանը՝ մի երկիր, որն այնքան հպարտ է իր քրիստոնեական ինքնությամբ և նաև վեհանձն մարդկանցով ու մշակույթների նկատմամբ իր անկեղծությամբ, հարգալից է մարդու և ազգերի համաձայնության հարցում ամրագրված իրավունքների նկատմամբ»,-ՀՀ Նախագահի հետ հանդիպմանն ասել է կարդինալ Սանդրին:
Կարդինալ Սանդրին ՀՀ Նախագահին է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից նրան շնորհված Ոսկե մեդալը: