Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: «Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկա-հայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ Ձեր գրական ժառանգության տրամաբանական շարունակությունը:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեի այս իրողությունը լավագույն պատասխանն էր մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ոճրագործության հեղինակներին ու նրանց հետնորդներին: Մրցանակը աշխարհին մեկ անգամ ևս հիշեցնում է վերածնված մի ողջ ժողովրդի մասին, որն ապրում և հաստատում է մնայուն արժեքներ արարող իր էությունն այս մեծ աշխարհում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է շնորհավորական ուղերձում: