Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Զինվորի տուն
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով:
Զինվորի տուն են այցելել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Գի Տեսիեն, Ֆրանսուա Պուպոնին, Քսավիե Բրետոն, սենատոր Վալերի Բուայեն:
«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացրել է կենտրոնի պատմությունը, առաքելությունը, աշխատանքները: Պաշտոնյաներին նաև պատմել են, որ կենտրոնում առողջական խնդիրներից բացի իրականացվում են հայրենիքի պաշտպանների կրթության ապահովմանը և զբաղվածությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր»,-նշում են ՀՊՇ կենտրոնից:
Պատգամավորներին ներկայացվել է նաև օրերս բացված պրոթեզավորման կենտրոնը: Վերջիններս հետաքրքրվել են պրոթեզավորման կարիք ունեցող զինվորների առողջական վիճակով՝ բարձր գնահատելով կենտրոնի կատարած աշխատանքները։ Հանդիպման ավարտին նրանք շեշտել են, որ զինծառայողների խնդիրները կշարունակեն լինել իրենց ուշադրության կենտրոնում: