Նոր մոտեցում ՆԶՊ դասավանդելուն Հայաստանում․ «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում նոր ռազմագիտության լսարան է ստեղծվել
«Կրթված սերունդը՝ հզոր հայրենիքի երաշխիք» նախագծի շրջանակում Երևանի «Փոքրիկ իշխան» կրթահամալիրում նոր ռազմագիտության լսարան է վերաբացվել՝ ի հիշատակ կրթահամալիրի շրջանավարտ, Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արթուր Ասատրյանի, և անվանակոչվել նրա անունով։
Այսուհետ ռազմագիտության դասերն այստեղ անցկացվելու են նոր, դիդակտիկ պարագաներով և համակարգչային տեխնիկայով հագեցած ռազմագիտության լսարանում, որտեղ նաև ներդրվել է ինտերակտիվ լազերային հրաձգարան։ Հրաձգարանը արտոնագրված արտադրանք է, ունի ծրագրային ապահովում, անվտանգ է առողջության համար և նախատեսված է դասարանային պայմաններում կիրառման համար։
Կրթահամալիրը նաև վերջերս հուշագիր է ստորագրել Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հետ․ կրթահամալիրի աշակերտների համար կազմակերպվելու են դասընթացներ, հանդիպումներ, սեմինարներ, դաշտային մարզումներ ու պարապմունքներ, որոնք կանցկացվեն աշխարհազորային գնդի ուսումնական կենտրոնում։
Լսարանը վերանորոգելու համար դպրոցի ներկայացուցիրները դրամահավաք են անցկացրել «ռեԱրմենիա» համագործակցության հարթակում։
Բացման ելույթի իր խոսքում կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը նշեց․ «Այս նախագծի նպատակն է կրթել ֆիզիկապես ու բարոյապես առողջ, հայրենասեր, ոչ ստանդարտ և արտակարգ իրավիճակներում գրագետ ու արագ կողմնորոշվող, առաջին բուժօգնության, ինժեներական, կապի և տեղեկատվական անվտանգության, և այլ կարևոր գիտելիքների տիրապետող, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ սերունդ։ Այս նախաձեռնությունն ուղղված է ժամանակի պահանջներից բխող գաղափարը կյանքի կոչելուն և միտված՝ համախմբելու ողջ կրթական համայնքը»։
Լսարանն ու ծրագիրը նախատեսված են 8-12-րդ դասարաններերի աշակերտների համար։ Այս պահին կրթահամալիրում այդ դասերը հաճախելու է 80 աշակերտ։ Սակայն հնարավոր է ծրագիրը տարածվի նաև այլ դպրոցների վրա։ Լսարանը նաև բաց կլինի այլ դպրոցների աշակերտների համար։
Լսարանի բացմանը կրթահամալիրում ներկա էին պետական և ոչ պետական դպրոցների տնօրեններ, որոնք ընդունում և գիտակցում են խնդրի կարևորությունը, Պաշտպանության նախարարութան և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ, Երևանի ավագանու անդամներ, Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի հրամանատարությունը, զինվորականներ, դպրոցի տնօրեններ, Հայ Օգնության Միության, կրթության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, մանկավարժներ, ավագ դպրոցի աշակերտներ, շրջանավարտներ, ծնողներ, Արթուր Ասատրյանի ընտանքի անդամներն ու զինակից ընկերը։
Օրը հիշատակվեց նաև «ՀՕՄ»-ի հետ համատեղ կազմակերպած Արցախյան ազատամարտի և մերօրյա հերոսների լուսանկարների ցուցահանդեսը․ լուսանկարիչ՝ Հակոբ Պողոսյան: Խոսուն լուսանկարներ, որոնք կյանքի, պայքարի, կռվի ու հաղթանակի մի ողջ պատմություն են ամփոփում ամեն մի կադրում և տանում որդեգրած պայքարի։
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական և նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության և թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։