Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում 30 ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ մասնակցել են որակավորման բարձրացման դասընթացների
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) ավարտվել են ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացները։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը «Ռուսաց լեզվի ուսուցումը՝ որպես օտար լեզու ժամանակակից կրթական համակարգում» թեմայով որակավորման դասընթացները նախաձեռնել էր «Ռուսական աշխարհ» հիմնադրամի, «Ալֆա-Դիալոգ» լրացուցիչ մասնագիտական կրթության կենտրոնի հետ և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Դասընթացներին մասնակցեցին ռուսաց լեզվի և գրականության հանրակրթական դպրոցների 30 ուսուցիչ:
Մեկ շաբաթվա ընթացքում նրանք մասնակցեցին դասախոսությունների և մաստեր կլասերի, որոնք անցկացնում էին Ռուսաստանից ժամանած ոլորտի առաջատար մասնագետները։ Հայաստանում էին Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրության կրթական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, «Ալֆա-Դիալոգ» կենտրոնի տնօրեն Ելենա Յադրովսկայան, մանկավարժական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր Լեոնիդ Մոսկովկինը, բանասիրական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Դունևը և այլոք։
«Ուրախալի է տեսնել ուսուցիչների ոգևորությունն ու մասնագիտական գիտելիքները բարելավվելու ձգտումը: Շնորհակալ ենք, որ այստեղ սիրում և պահպանում են ռուսաց լեզուն»,- նշեց «Ալֆա-Դիալոգ» կենտրոնի տնօրեն Ելենա Յադրովսկայան։
Ծրագիրը կառուցվել էր մոդուլային սկզբունքով՝ հաշվի առնելով Հայաստանի կրթական համակարգի պահանջները։ Մասնակիցների խոսքով նման ծրագրերը կարևոր են, քանի որ ուսուցիչները ձգտում են կատարելագործել գիտելիքները, ծանոթանալ նոր մեթոդիկայի, ձեռք բերել փորձ և բարձրացնել իրենց մասնագիտական մակարդակը:
«Անընդհատ փնտրում ենք ուսուցման նոր մեթոդներ և եղանակներ՝ մեր սաներին լավագույնը տալու համար», – նշեց ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարինա Քոչարյանը։
«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Հայաստանում ռուսերենի ուսուցման մակարդակի բարձրացմանը։ Առաջիկայում նախատեսում ենք նման դասընթացներ կազմակերպել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք մեր ներդրումն ունենալ մշակույթի և կրթության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապերի ամրապնդմանը», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Շատ հաճելի է, որ Հայաստանում այս պիլոտային նախագիծը իրականացնում ենք Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ գործակցությամբ։ Հուսով եմ, որ կշարունակենք համատեղ դասընթացները», – նշեց «Ռուսական աշխարհ» հիմնադրամի Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի տնօրեն Օլեգ Մուկովսկին։
ԿԳՄՍ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով ևս նման դասընթացները կարևոր են ուսուցիչների վերապատրաստման, գիտելիքները թարմացնելու համար։
Դասընթացների ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր: