Չարենցավանում կայացել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Չարենցավանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Միջոցառման աջակիցներն էին Կոտայքի մարզպետարանը և Արամ Խաչատրյան տուն-թանգարանը։
Խաչատրյան տրիոն ներկայացրեց կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները` սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, այդ թվում՝ հանրահայտ Սուսերով պարը: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Կարեն Քոչարյանը (թավջութակահար)։
Դահլիճի ճեմասրահում ներկայացված էին արխիվային լուսանկարներ Արամ Խաչատրյանի ճամփորդություններից։
«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հետ գործակցում ենք արդեն մի քանի տարի։ Արամ Խաչատրյանի 120-ամյակը լավ առիթ է համատեղ նոր ծրագրեր և գաղափարներ իրականացնելու համար։ Որպես կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն և նրա անունը կրող եռյակի դաշնակահար, ուրախ եմ, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը մարզերում ներկայանալու առաջարկ արեց։ Կարևոր է ոչ միայն համերգների անցկացումը, այլև տուն-թանգարան հավաքածուից փոքրիկ ցուցադրության ներկայացումը, երաժշտական դպրոցի սաների համար կրթական ծրագիր կազմակերպումը»,- նշեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահար Արմինե Գրիգորյանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի համար առաջնահերթ խնդիր է մշակութային և կրթական նախագծերի անցկացումը, մարզերի բնակիչների համար ժամանցի կազմակերպումը։
«Արամ Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ուղին յուրօրինակ մշակութային կամուրջ է Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Ինքը՝ կոմպոզիտորը, ասել է, որ Մոսկվա է եկել Արամ Խաչատուրովի անձնագրով և հենց այնտեղ դարձել Խաչատրյան։ Այս համերգը կազմակերպելով ևս մեկ անգամ վկայում ենք, որ այն ժամանակ հաստատված ավանդույթներն ու մշակութային կապերը շարունակում են զարգանալ նաև այսօր»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Խաչատրիան տրիոն միջազգային մրցույթների դափնեկիր է և կոմպոզիտորի 120-ամյակի միջոցառումների շրջանակում արդեն հասցրել է հյուրախաղերով ներկայանալ բազմաթիվ քաղաքներում։
«Այս տարի արդեն ներկայացել ենք Արգենտինայում, Ուրուգվայում, Իտալիայում և Ռուսաստանում։ Մայիսին մեզ համար շատ կարևոր հյուրախաղ տեղի ունեցավ Եկատերինբուրգում՝ փառատոն, որը նվիրված էր Արամ Խաչատրյանի երաժշտությանը։ 5 օր բացառապես հնչում էին նրա ստեղծագործությունները։ Անկեղծ ասած, չեմ հիշում, որ Խաչատրյանը ներկայացվեր այսքան մասշտաբով, հետաքրքիր ու բազմակողմանի։ Հոկտեմբերին սպասվում է նաև մեծ ծրագիր Ռուսաստանում»,- ասաց ջութակահար Կարեն Շահգալդյանը։
Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգային ծրագիրը կշարունակվի նաև Հայաստանի այլ քաղաքներում։