Մյունխենյան Oktoberfest 2026․ որքան կարժենա մեկ լիտր գարեջուրը
2026 թվականին Oktoberfest-ում 1-լիտրանոց գավաթով գարեջրի միջին գինը կկազմի 15.61 եվրո։ Սա 2.4%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Միևնույն ժամանակ, 1985 թվականից ի վեր «գարեջրի գնաճը» զգալիորեն գերազանցել է սպառողական գնաճը։
Մեկ տարվա ընթացքում աշխարհի ամենամեծ գարեջրի փառատոնում ըմպելիքի գինը բարձրացել է 2.4%-ով։ Սա ավելի ցածր է գնաճի ընդհանուր մակարդակից, որը պահպանվում է մոտ 3%-ի սահմաններում։ Սակայն երկարաժամկետ կտրվածքով պատկերն այլ է․ «գարեջրի գնաճը» զգալիորեն գերազանցել է սպառողական գնաճը։ Այս եզրակացությանն է հանգել UniCredit բանկի առաջատար վերլուծաբան Անդրեաս Ռիզը:
1985 թվականին 1-լիտրանոց գավաթն արժեր 3.2 եվրո։ Անվանական արտահայտությամբ փառատոնային ստանդարտ գավաթի գինն աճել է 4.9 անգամ՝ գրեթե 400%-ով։ Նույն ժամանակահատվածում սպառողական գնաճը կազմել է մոտ 120%։ Ռիզը չի բացառում, որ «գարեջրի գնաճի» գագաթնակետն արդեն անցած լինի։
Մյունխենում 191-րդ Oktoberfest-ը կանցկացվի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը։ Փառատոնի պատմությունը սկսվել է 1810 թվականի հոկտեմբերի 12-ին՝ թագաժառանգ Լյուդվիգի և արքայադուստր Թերեզայի ամուսնության առթիվ կազմակերպված տոնակատարությունից։ «Oktoberfest»-ը համարվում է աշխարհում ամենամեծ գարեջրի փառատոնը։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ 2025 թվականին գարեջրի ամենահայտնի փառատոնին մասնակցել է 6.5 մլն մարդ։
