Ռուսաստանից ժամանած երաժիշտները բարեգործական համերգ կտան հօգուտ պատերազմի մասնակիցների
Երգահան Նիկոլա Մելնիկովը, թավջութակահար Գագիկ Մակիչյանը և Հյում համայնքը նոյեմբերի 5-ին համերգ կկազմակերպեն Երևանում, իսկ տոմսերից գոյացած գումարը կուղղվի «4090 Բարեգործական» հիմնադրամին։
Նոյեմբերի 5-ին Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի կունենա նեոդասական կոմպոզիտոր և դաշնակահար Նիկոլա Մելնիկովի և թավջութակահար Գագիկ Մակիչյանի բարեգործական համերգը. երաժիշտները կկատարեն ինքնատիպ ստեղծագործություններ առաջիկա համատեղ ալբոմից։ Համերգը, որը կազմակերպվել է Hume relocator համայնքի հետ համատեղ, բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «4090 Բարեգործական» հիմնադրամին, որը տրամադրում է կրթավճար և օգնում 2016 և 2020թթ պատերազմի մասնակիցներին ինտեգրվել քաղաքացիական կյանքին: Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել tkt.am կայքից կամ Կամերային երաժշտության տան տոմսարկղից։
«Որպես երաժիշտ, ինձ համար միշտ կարևոր է եղել ստեղծել և կատարել երաժշտություն բացարձակապես բոլոր մարդկանց համար, այսինքն՝ ոչ միայն նրանց, ովքեր գնել են համերգի տոմս կամ եկել են իմ մասնակցությամբ մասնավոր միջոցառման, այլ նաև հիվանդանոցներում գտնվող փոքր երեխաներ, անբուժելի հիվանդություններով տառապող և այլ մարդկանց համար։ Գալով Հայաստան՝ ինձ անմիջապես մտատանջեց հենց այսպիսի համերգ անցկացնելու հարցը. այս դժվարին ժամանակներում երաժշտությամբ մարդկանց օգնելու և միևնույն ժամանակ հաճույք պատճառելու կարողություն էի փնտրում։ Շատ արագ ես գտա համախոհներ՝ ի դեմս Հյում հիմնադրամի: Ծանոթ էի Արցախում տիրող իրավիճակին և համարում էի, որ պատերազմի վետերաններին օգնելը, նոր կյանք գտնելու հնարավորությունն ուղղակի անհրաժեշտություն է։ Այսպես մենք ծանոթացանք 4090 հիմնադրամի հետ», ասում է Նիկոլա Մելնիկովը։
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:
Այս պահի դրությամբ ունենք ՀՀ և Արցախի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող 60 շահառու։
Նիկոլա Մելնիկով՝ նեոդասական կոմպոզիտոր և էլեկտրոնային պրոդյուսեր Մոսկվայից: Նա հաճախ է հյուրախաղերով և դաշնամուրային կատարումներով հանդես գալիս աշխարհի տարբե երկրներում։ 2018 թվականին նա պայմանագիր է կնքել նկարիչների համաշխարհային ընկերության՝ Red Light Management-ի և William Morris Entertainment-ի ամրագրման գործակալության հետ, որը ժամանակին ներկայացնում էր այնպիսի համաշխարհային աստղերի, ինչպիսիք են Չարլի Չապլինը, Մերիլին Մոնրոն և Էլվիս Փրեսլին:
Hume հիմնադրամը հիմնադրվել է 2022 թ․ գարնանը Հայաստանում, երկիր, որտեղ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո տասնյակ հազարավոր մարդիկ են տեղափոխվել Ռուսաստանից և տասնյակ խոշոր ու միջին ընկերություններ։ Հիմնադրամը մշակութային, կրթական և սոցիալական նախագծերի միջոցով ստեղծում է գործիքակազմ՝ ռուսալեզու միգրանտներին տեղական միջավայրում ինտեգրելու համար: Հյումը իրականացնում է դասընթացներ Հայաստանի պատմության և գրականության վերաբերյալ, պարբերաբար դասախոսություններ է անցկացնում Երևանում գիտնականների, քաղաքական գործիչների, լրագրողների և վերլուծաբանների հետ։
- Երբ՝ Նոյեմբերի 5, 19.00
- Որտեղ՝ Երևան, Կամերային երաժշտության տուն։ Կոմիտաս, Իսահակյան փող., շենք 1
- Տոմսերը՝ հղումով կամ Կամերային երաժշտության տան տոմսարկղում։