
«Թռիչք գրքի թևերով» ընթերցանության մրցույթը եզրափակվեց հիշարժան ու մրցանակաշատ օրով
Փետրվարի 16-ին «Ավետիսյան» դպրոցում տեղի ունեցավ «Բվիկ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված «Թռիչք գրքի թևերով» վեցամսյա ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս բացառիկ նախաձեռնությունը, որը միավորել էր 14-18 տարեկան ընթերցասերներին, ուղղված էր գրագիտության մակարդակի բարձրացմանը, քննադատական մտածողության զարգացմանը և գրավոր ու բանավոր խոսքի հարստացմանը։
Մրցույթը մեկնարկել էր 2024թ. հունիսի 1-ին՝ 211 մասնակիցներով Հայաստանի տարբեր համայնքներից։ Մասնակիցները ընթերցել են 20 գիրք, մասնակցել 10 դասընթացի, որոնցից 7-ը եղել են գրքի քննարկումներ, իսկ 3-ը՝ փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ։ Առաջին առցանց թեստի արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 66 պատանիներ, ովքեր դեկտեմբերի 16-ին մրցեցին եզրափակիչ թեստի շրջանակներում։ Հաղթողները ստացան դրամական պարգևներ՝
Առաջին տեղ – Մերի Տոնոյան (300,000 դրամ)
Երկրորդ տեղ – Սիփան Կիրակոսյան (100,000 դրամ)
Երրորդ տեղ – Մանե Ալեքսանյան (50 000 դրամ)
Օրը լի էր ինտելեկտուալ մարտահրավերներով և անակնկալներով։ Քանի դեռ հանձնաժողովը ստուգում էր թեստի արդյունքները, մասնակիցները իրենց ուժերը փորձեցին նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի շրջանակներում՝ պատասխանելով 30 հարցի։ Օրվա վերջում մրցանակներ ստացան ոչ միայն հաղթողները, այլև նրանք, ովքեր մրցույթի ողջ ընթացքում աչքի էին ընկել ակտիվ մասնակցությամբ և բացառիկ հետաքրքրասիրությամբ։
Մրցույթի համահիմնադիրների խոսքով՝ առանձնահատուկ ոգևորիչ էր տեսնել երեխաների խանդավառությունը, նրանց սերը գրքերի և ընթերցանության հանդեպ։ «Յուրաքանչյուր մասնակցի աչքերում տեսանք գիտելիքի ծարավն ու գրքի կախարդական աշխարհը բացահայտելու անկեղծ ձգտումը։ Մեր նպատակն է շարունակել աջակցել երիտասարդներին այս ճանապարհին՝ ընձեռելով նրանց նոր հնարավորություններ ինքնազարգացման և կրթական աճի համար»,- ընդգծեցին նրանք։
2024 թվականին հիմնադրված «Բվիկ» կրթական հիմնադրամը նպաստում է կրթված և զարգացած հասարակության ձևավորմանը։ Հիմնադրամի կարգախոսն է՝ «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ», և այն ընթերցանության մրցույթներ է կազմակերպում տարբեր տարիքային խմբերի համար՝ խթանելով գրագիտության զարգացումը, քննադատական մտածողության հմտությունների խորացումը, ինչպես նաև ընձեռելով նոր հնարավորություններ կյանքի տարբեր փուլերում գտնվող անհատների համար։
Կայք: www.bvik.am
Սոցիալական էջեր: Bvik/Բվիկ, bvikreadingchallenge
Հեռ․ +374 91 63 13 33 , +374 94 20 27 23