Ucom. ակնաբուժական անվճար ծառայություններ՝ Շիրակի մարզի բնակիչներին
Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության բոլոր մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում: Այժմ ծրագիրն ընթանում է Շիրակի մարզում: Արթիկում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում շարունակվում են խորացված հետազոտությունները, լազերային միջամտությունները, վիրահատությունները, մարզի դպրոցներում՝ ակնային զննումները եւ աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասերը:
Ընթացող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը, ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ «Ucom» Հիմնադրամի տնօրեն Նարինե Սուվարյանը:
«Այս տարի մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում շաքարախտային դիաբետով հիվանդներին: Յուրաքանչյուր մարզ այցելելիս մենք հորդորում ենք, որ նրանք անպայման ակնային հետազոտություն անցնեն, քանի որ նրանց մոտ դիաբետիկ ռետինոպաթիայի վտանգը մեծ է: Հայաստան ենք բերել հատուկ սարքավորումներ, որոնցով ակնային զննում են անցնելու շաքարային դիաբետով բոլոր հիվանդները: Առաջին սարքավորումները Գյումրիում են», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանիսյանը:
««Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ 2017թ. ընթացքում արդեն «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում 4.600-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, շուրջ 2200-ը՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, կատարվել է շուրջ 750 վիրահատություն եւ 280 լազերային միջամտություն: Ուրախ եմ, որ մեր համագործակցությունը շարունակվում է, եւ այդպիսով աչքի լույս ենք պարգեւում սոցիալապես անապահով մեր հայրենակիցներին», – ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Տարիներ շարունակ Հայաստանի տարբեր մարզերում այս ծրագիրն իրականացնելու ընթացքում մշտապես ոգեշնչվել ենք հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերից: Ucom-ը որպես ծրագրի աջակից խիստ կարևորում է այն, որ սոցիալապես խոցելի անձինք հնարավորություն ունեն անվճար օգտվելու ակնաբուժական ժամանակակից ծառայություններից և արդյունքում՝ վերականգնելու իրենց աչքի լույսը», – ասաց «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Գյումրի այցելությամբ ավարտվեց նաեւ Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շաբաթյակը: Այդ ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծը կազմակերպեց հանրային իրազեկման միջոցառում, որի ժամանակ այցելուներին տրամադրվեցին առավել մեծ տարածում ունեցող ակնային հիվանդությունների մասին տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև բաժանվեցին այդ հիվանդությունների նախանշանները նմանակող հատուկ ակնոցներ՝ որոնք կրելով քաղաքացիները մի փոքր տարածք պետք է անցեին քայլելով։ Իրազեկման միջոցառման մասնակիցները պատասխանեցին տեսողության հետ կապված հարցերի և հնարավորություն ունեցան համտեսելու տեսողության համար օգտակար մթերքներով պատրաստված ուտեստներ։ Հանրապետության մի շարք դպրոցներում ակնային զննումներ եւ տեսողության բաց դասեր անցկացվեցին՝ երեխաներին ծանոթացնելու աչքի խնամքի կանոններին: Դպրոցներում բաժանվեց «Ucom» Հիմնադրամի հետ իրականացվող ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի հեղինակած «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական գիրքը, որը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ եւ այսուհետ կտարածվի հանրապետության բազմաթիվ դպրոցներում: