
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒՅԱՄԲ
Այսօր տեղի է ունեցել Գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հանձնաժողովը քննարկել է Գործարարության աջակցման խորհրդի (ԳԱԽ) շրջանակներում թեմատիկ աշխատանքային խմբերի ձեւավորման անհրաժեշտության եւ սկզբունքների, Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման եւ զարգացման, ինչպես նաեւ ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրի, գործողությունների (միջոցառումների) ցանկի եւ ժամանակացույցի վերաբերյալ առաջարկությունների, տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման խնդիրների, ԳԱԽ կազմում նոր անդամների հերթական ռոտացիայի մասին հարցերը:
Քննարկված հարցերի շարքում խորհուրդը հավանություն է տվել ԳԱԽ-ի շրջանակներում ոչ մշտական հիմունքներով գործող, այլ` անհրաժեշտության դեպքում ստեղծվող երեք թեմատիկ աշխատանքային խմբերի ձեւավորմանը: Հարցը ներկայացնող` խորհրդի փոխնախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Ներսիսյանցն առաջարկել է ստեղծել Արտահանման եւ ներդրումների ներգրավման աջակցման եւ խրախուսման հարցերի, Հարկային եւ մաքսային վարչարարության կարգավորման եւ նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցերի, գործարար միջավայրը կարգավորող այլ ոլորտների (կադաստր, շինարարություն, ռեգիստր, հեղինակային իրավունք, դատարան, հողհատկացում եւ օգտագործում եւ այլն) վարչարարության բարելավման հարցերի աշխատանքային խմբեր: Առաջարկվել է խորհրդի անդամներից բացի, հիշյալ աշխատանքներին ներգրավել նաեւ պետական մարմինների ու այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների: Հանձնարարվել է ԳԱԽ քարտուղարությանը` մինչեւ խորհրդի հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում, ձեւավորել թեմատիկ աշխատանքային խմբերի կազմերը, խմբերի կազմից` խմբերի ղեկավարների թեկնածուներին եւ ներկայացնել ԳԱԽ հաջորդ նիստի հաստատմանը:
Գործարարության աջակցման խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման եւ զարգացման, ինչպես նաեւ ՀՀ-ում հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագրի եւ գործողությունների ժամանակացույցի վերաբերյալ ԳԱԽ քարտուղարության եւ գործարար համայնքի անդամների կողմից արված առաջարկությունների վերաբերյալ պետական մարմիններում քննարկումների արդյունքները: ԳԱԽ քարտուղարության ներկայացրած տեղեկանքի համաձայն, ղեկավարվելով 2008թ. մայիսի 15-ի խորհրդի նիստի արձանագրության հանձնարարականով, ԳԱԽ գործարար համայնքը ներկայացնող շուրջ 50 կազմակերպություններին է տրամադրվել ՀՀ-ում հարկային վարչարարության կատարելագործման հայեցակարգի նախագիծը եւ գործողությունների (միջոցառումների) ժամանակացույցը` խնդրելով վերոհիշյալ փաստաթղթերի, ինչպես նաեւ ընդհանուր գործարար միջավայրի զարգացման խոչընդոտների եւ դրա բարելավմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ԳԱԽ քարտուղարությանը` ամփոփելու եւ քննարկումներ կազմակերպելու համար: Ստացված առաջարկությունները քննարկելու նպատակով, ԳԱԽ քարտուղարությունը հուլիսի 4-ին` խորհրդի փոխնախագահ Վ. Ներսիսյանցի նախագահությամբ, հրավիրել է ԳԱԽ գործարար համայնքի (50-ի ակումբ) նիստ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի իրավասու աշխատակիցները: Քննարկումների արդյունքում արվել են բազմաթիվ առաջարկություններ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումներ անցկացնել նաեւ իրավասու պետական մարմիններում` շահագրգիռ նախարարություններում եւ գերատեսչություններում: Արդյունքում` ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, առաջարկությունների փաթեթի վերաբերյալ ՀՀ պետական մարմիններից ստացված եզրակացությունների վերլուծությունից հետո, քարտուղարության կողմից կազմվել է ամփոփ տեղեկանք, որը եւ ներկայացվել է ԳԱԽ խորհրդին:
Գործարարության աջակցման խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ վարչապետի 2008թ. հոկտեմբերի 14-ի N854-Ա որոշմամբ իրականացված խորհրդի կազմից նոր ութ անդամների հերթական ռոտացիայի արդյունքները, որն ի գիտություն է ընդունվել խորհրդի կողմից: Տեղեկանքի համաձայն, գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվել են «Արմենիան Քափըր Փրոգրամ» եւ «Ամերիա» ՓԲԸ-ների գործադիր տնօրենները, «Երեւանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահը, «Էլեկտրասարք» եւ «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» ԲԲԸ-ների, «Ռուսալ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենները, «Լիկվոր» դեղագործական ընկերություն» ՍՊԸ-ի տնօրենը եւ «Հայաստանի բանկերի միություն» իրավաբանական անձանց միության նախագահը: Առաջարկվել է «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունը», «Հայաստանի բանկերի միությունը» խորհրդում ներառել ոչ թե ռոտացիոն, այլ մշտական հիմունքներով: Քանի որ առաջարկությունը ենթադրում է ընդունված կարգի փոփոխություն, որոշվել է քննարկել այդ փոփոխության հնարավորությունը:
Նիստում անդրադարձ է եղել համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացմանը, ճգնաժամի ազդեցության մեղմմանն ուղղված կառավարության կողմից նախատեսվող միջոցառումներին: Վարչապետը եւս մեկ անգամ վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը` աջակցելու բոլոր այն գործնական առաջարկություններին, հիմնավորված ծրագրերին, որոնք կներկայացվեն օժանդակություն ստանալու ակնկալիքով: Տիգրան Սարգսյանը խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացրել է նաեւ Համաշխարհային բանկի եւ այլ ֆինանսական կառույցների հետ կառավարության կողմից վարվող բանակցությունների ընթացքը եւ լրացուցիչ միջոցների ներգրավման հնարավորությունները: