ՕՊԵԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՎԱՂԸ ՍԱԿԱՅՆ ՆԱՎԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
Նավթի գինը համաշխարհային շուկայում շարունակում է նվազել: Նյու-Յորքի բորսայում նավթի Light, Sweet տեսակի հունվար ամսի ֆյուչրսների գինը նվազել է 1.09 դոլարով կամ 2%-ով և կազմել է 53.35 դոլար, իսկ Լոնդոնի բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 48 ցենտով կամ 1.03%-ով և կազմել է 52.65 դոլար մեկ բարելի դիմաց: Սպասվում է, որ նոյեմբերի 29-30-ը նախատեսված Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ, անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը Կահիրեում կազմակերպությունը որոշում կընդունի նավթի արտահանման ծավալների կրճատման մասին, որը թույլ կտա համաշխարհային շուկայում կայունացնել նավթի գները: Այս մասին հայտնել է Լիբիական National Oil Corp պետական նավթային ընկերության ղեկավար Շոքրի Գանեմը:
Սակայն Բլումբերգը իր հերթին գրում է, որ ըստ որոշ վերլուծաբանների ՕՊԵԿ-ի կողմից սպասվող ծավալների կրճատումը դժվար թե կարողանա հակակշռել համաշխարհային շուկայում տեղի ունեցող պահանջարկի անկմանը: