ԱՄԵՐԻԿՅԱՆ 10 ԲԱՆԿԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԱԾ 68 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԸ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլատրել է 10 խոշոր բանկերին վերադարձնելու TARP հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ԱՄՆ կառավարության կողմից տրամադրված 68 միլիարդ դոլարը: Սույն գումարների վերադարձը մասնավորապես թույլ կտա բանկերին խուսափելու վճարվող բոնուսների սահմանափակումներից:
ԱՄՆ գանձապետարանը չի հայտնել վերոնշյալ բանկերի ցուցակը, սակայն բանկերը շտապել են հրապարակել իրենց նկատմամբ ընդունված դրական որոշումը: 10 բանկերի մեջ մտնում են` American Express Co, Bank of New York Mellon Corp, BB&T Corp, Capital One Financial Corp, Goldman Sachs Group Inc, JPMorgan Chase & Co, Morgan Stanley, Northern Trust Corp, State Street Corp և U.S. Bancorp բանկերը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները հայտարարել է, որ բանկերի կողմից սույն միջոցների վերադարձը ֆինանսական համակարգի վերականգնման դրական ազդանշան է:
Birkelbach Investment Securities ընկերության ղեկավար Կարլ Բերկելբակը բանկերի կողմից պետական աջակցության միջոցների կողմնակից չէ, և նրա կարծիքով եթե բանկերը ավելի մտածեին հասարակության մասին, ապա նրանք սույն միջոցները կօգտագործեին վարկավորման ծավալները մեծացնելու համար, իսկ այս քայլով բանկերը միայն ձգտում են խուսափել պետական մարմինների կողմից առաջադրված սահմանափակումներից: Վերլուծաբանների կարծիքով Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է սույն միջոցները օգտագործել տնտեսության այլ ոլորտների ֆինանսավորման համար: