ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Իսպանիայի կառավարությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկրի բանկերին աջակցելու նպատակով ստեղծել է հատուկ հիմնադրամ: Իսպանիայի կառավարությունը սույն հիմնադրամին տրամադրել է 9 միլիարդ դոլար, իսկ անհրաժեշտության դեպքում դրամադրված միջոցները կարող են եռապատկվել և հասնել 27 միլիարդ դոլարի:
Իսպանիայի ֆինանսների նախարար Ելենա Սալգադոն հայտարարել է, որ երկրի որոշ փոքր և միջին բանկեր կարող է կառավարության աջակցության կարիք ունենան: Ներկայիս դրությամբ Իսպանիայում գործում է 49 բանկ, 46 խնայողական ընկերություն և 90 վարկային կոոպերատիվ: Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը պետք է օգնի երկրի բանկերին միաձուլումների և կլանումների միջոցով իրականացնելու կապիտալի համախմբում և խոշորացում:
Վերլուծաբանների կարծիքով նույնպես ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Իսպանիայի բանկային համակարգում միաձուլումների և կլանումների հետևանքով կարող են տեղի ունենալ խոշոր մասշտաբի փոփոխություններ: