ՄԵԴՈՖԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է 150 ՏԱՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐԻՆ ՄՈՏ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ
ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական բուրգի հիմնադիր Բեռնարդ Մեդոֆը (Bernard Madoff) դատապարտվել է 150 տարի ազատազրկման: ԱՄՆ Դաշնային դատարանի որոշման համաձայն Մեդոֆի խաբեության արդյունքում կրած վնասների փոխհատուցման նպատակով նրանից կբռնագանձվի 170 մլրդ դոլար, որը մոտ 3 անգամ գերազանցում է այդ վնասների ընդհանուր ծավալը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին բացահայտվել էր պատմության մեջ ամենամեծ ֆինանսական բուրգը, իսկ դրա ստեղծող Բեռնարդ Մեդոֆը, ով հանդիսացել է NASDAQ բորսայի տնօրենների խորհրդի նախագահ և Bernard L.Madoff Investment Securities ներդրումային ընկերության հիմնադիրը, 20 տարիների ընթացքում խաբել է անհատ ներդրողների, ինչպես նաև մի շարք միջազգային ֆինանսական կառույցների: Մեդոֆը ներդրումային գործառնություններ իրականացնելու նպատակով ներգրավել է ֆինանսական միջոցներ և այդ միջոցներն ուղղակի փոխանցել է իր բանկային հաշվին: Ներդրողների կրած ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 50 մլրդ դոլար: