ՉԻՆԱՍՏԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԻՐ ԾԱՎԱԼՈՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Վերջին 18 ամիսների ընթացքում առաջին անգամ Չինաստանի ֆոնդային բորսան իր շրջանառության ծավալով գերազանցել է ճապոնական ֆոնդային բորսային և այժմ ամերիկյան բորսայից հետո այն աշխարհում երկրորդն է: Այս տարվա ընթացքում չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 75%-ով, իսկ Nikkei ինդեքսը նույն ժամանակահատվածում գրանցել է 7% աճ: Չինական արժեթղթերի շուկայում գրանցված աճը պայմանավորված է կառավարության կողմից իրականացվող տնտեսության խթանման լայնամասշտաբ ծրագրերով, որոնց արդյունքում հունիս ամսվա ընթացքում զգալիորեն աճել են բանկային վարկավորման ծավալները:
Չինական արժեթղթերի ներքին շուկան գնահատվում է շուրջ 3.21 տրիլիոն դոլար, մինչդեռ Ճապոնիայի ֆոնդային բորսայի շրջանառության ծավալը կազմում է 3.20 տրիլիոն դոլար: Նշենք, որ ամերիկյան ֆոնդային բորսայում շրջանառության ծավալը գնահատվում է 10.8 տրիլիոն դոլար: