
EBAY-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹԻ 11% ԱՃ
Ինտերնետային հսկա ամերիկյան eBay ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 397,7 մլն դոլար: Նշննք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 357,1 մլն դոլար:
Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է շուրջ 9%-ով` կազմելով 2,2 մլրդ դոլար:
Ներկայացնելով ընկերության ֆինանսական ցուցանիշները` ընկերության ղեկավար Ջոն Դոնախյուն նշել է, որ շահույթի ցուցանիշի աճն առավելապես պայմանավորված է eBay ընկերությանը պատկանող PayPal օն-լայն վճարային համակարգով իրականացվող գործարքների ընդհանուր ծավալի աճով:
Նշենք, eBay Inc. ինտերնետ-աճուրդային ընկերությունն աշխատում է երեք հիմնական սեգմենտներում` ինտերնետ-առևտուր, էլեկտրոնային վճարումներ և հեռահաղորդակցություն (այս ոլորտում ընկերությունը ներկայանում է Skype ծառայությամբ):