FREDDIE MAC ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵԼ Է 5,013 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ԶՈՒՏ ՎՆԱՍ
Ամերիկյան Freddie Mac հիփոթեքային գործակալության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերությունը կրել է 5,013 մլրդ դոլարի զուտ վնաս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 25,295 մլրդ դոլար զուտ վնասի դիմաց: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 3,38 մլրդ դոլար:
Ընկերության հայտարարության համաձայն հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշների գրանցած դրական միտումները մեծապես պայմանավորված են ԱՄՆ հիփոթեքային շուկայի համեմատական կայունությամբ:
Նշենք, որ պետական աջակցության ծրագրի շրջանակներում Freddie Mac հիփոթեքային ընկերությունն ԱՄՆ ֆինանսների նախարարությունից վերջին տարվա ընթացքում ստացել է շուրջ 51 մլրդ դոլար որպես ֆինանսական օգնություն, և արդեն երկու եռամսյակ անընդմեջ կարողանում է բարելավել իր ֆինանսական արդյունքներն` առանց պետական աջակցության: