ՃԱՊՈՆԱԿԱՆ FUJITSU-Ն ԿԿՐՃԱՏԻ 1,2 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Համակագիչներ արտադրող ճապոնական Fujitsu ընկերությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ կրճատել 1,2 հազար աշխատատեղ Մեծ Բրիտանիայի իր մասնաճյուղում: Կրճատումներն առավելապես կվերաբերեն ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղված աշխատակիցներին: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընկերության հասույթի զգալի կրճատմամբ:
Fujitsu Ltd. ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009-2010 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ընկերության կրած զուտ վնասը կազմել է 303 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունն ապահովել էր 3,6 մլն դոլար զուտ շահույթ: Հաշվետու եռամսյակում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 11%-ով և կազմել 11,02 մլրդ դոլար: