G8 ԵՐԿՐՆԵՐԸ ՉՀԱՍՏԱՏԵՑԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 8-ին Իտալիայում մեկնարկած «Մեծ ութնյակի» երկրների համաժողովի առաջին օրվա քննարկումների արդյունքները ներկայացնող համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ G8 երկրների ղեկավարները չեն հաստատել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման փոխհամաձայնեցված միասնական ռազմավարություն` թողնելով հակաճգնաժամային միջոցառումների մշակման գործընթացը ազգային տնտեսությունների կառավարությունների իրավասությունների շրջանակներում: Հայտարարության մեջ ասվում է, որ ազգային տնտեսություններում իրականացվող հակաճգնաժամային ռազմավարությունները էապես տարբերվում են` կախված ներքին տնտեսական իրադրությունից և պետական միջամտության աստիճանից:
G8 համաժողովի մասնակիցները, անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետությանը, նշել են, որ, չնայած արդեն նկատվում են համաշխարհային տնտեսության կայունության նախանշաններ, սակայն դեռևս կան չբացահայտված ռիսկեր, և կառավարությունները պետք է շարունակեն տնտեսությանը ֆինանսական աջակցության տրամադրման քաղաքականությունը: