GENERAL MOTORS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ՍՆՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ավտոարտադրող ամերիկյան խոշորագույն General Motors Corp. ընկերությունը ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված կարգով սննկացման հայցով դիմել է մասնագիտացված դատարան, և այժմ նախատեսվում է ընկերության վերակառուցման գործընթաց: Սննկացման ծրագրի շրջանակներում կիրականացվի GM ընկերության ակտիվների արագ վաճառք, ինչը հնարավորություն կտա մարել ընկերության պարտավորությունները: Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է նաև փակել 14 գործարան և աշխատանքից ազատել մոտ 21 հազար աշխատակիցների:
Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը General Motors Corp. ընկերությանը որպես ֆինանսական աջակցություն կտրամադրի լրացուցիչ 30 մլրդ դոլար, որի արդյունքում ընկերության կապիտալում ԱՄՆ կառավարության մասնաբաժինը կկազմի ավելի քան 60%, իսկ Կանադայի կառավարությունը մտադիր է GM ընկերության բաժնետոմսերի 12%-ի դիմաց ընկերությանը տրամադրել 9.5 մլրդ դոլար: