GENERAL MOTORS-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 22%-ՈՎ
Ամերիկյան ավտոարտադրող General Motors ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության վաճառքի ծավալներն ամբողջ աշխարհում կրճատվել են շուրջ 22%-ով, որը մեծապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում ընկերության վերակազմավորմամբ: Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ գրանցվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ, որը հիմք է տալիս ենթադրել, որ ամերիկյան խոշոր ավտոարտադրող ընկերությունն արդեն գտնվում է առողջացման փուլ:
General Motors ընկերության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում վաճառքի ծավալները Հյուսիսային Ամերիկայում կրճատվել են 39.5%-ով, ընկերության եվրոպական ներկայացուցչությունների վաճառքի ընդհանուր ծավալները կրճատվել են 24.4%-ով, իսկ Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ավտոմեքենաների իրացման ծավալները կրճատվել են միջինը 18.3%-ով: Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընկերության վաճառքի ծավալներն աճել են 21.5%-ով, որը մեծապես պայմանավորված է Չինաստանում ավտոմեքենաների նկատմամբ սպառողական պահանջարկի շարունակական աճով: