H&M-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Շվեդական Hennes & Mauritz (H&M) հագուստի վաճառքով զբաղվող ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքնեերը, որոնց համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է օգոստոսի 31-ին, ընկերությունն ապահովել է աճ հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով:
Հրապարակած հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթն այս տարվա հունիս-օգոստոս ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4,1%-ով և կազմել 3,46 մլրդ շվեդական կրոն (504 մլն դոլար): Վաճառքի ծավալները հաշվետու ամիսների ընթացքում աճել են 13%-ով և կազմել 23,6 մլրդ շվեդական կրոն:
H&M ընկերության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ընկերությունը բացել է 85 նոր խանութներ: Ներկա դրությամբ ընկերության խանութների ընդհանուր թիվը կազմում է 1840, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1618-ի դիմաց: