HSBC ԲԱՆԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՆՈՐ ԱԼԻՔ
Բրիտանական HSBC Holdings PLC բանկը ֆինանսական այն կառույցների շարքում էր, որոնք առաջինը զգացին ԱՄՆ հիփոթեքային շուկայի փլուզման արդյունքում առաջացած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը: Այժմ բանկին սպառնում է հիփոթեքային նոր ճգնաժամ: Իր ամբողջ մասնաճյուղերի ցանցով HSBC բանկը հանդիսանում է ամերիկյան սպառողների անհուսալի վարկերով ապահովված արժեթղթերի խոշոր սեփականատեր, ինչով էլ պայմանավորված բանկն իր պորտֆելից դուրս է գրել 40 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվներ: Որոշ վերլուծաբաններ, ամփոփելով ԱՄՆ հիփոթեքային շուկայի հետազոտության արդյունքները, նշում են, որ անվճարունակ վարկառուների թիվը ընթացիկ տարում կդրսևորի աճման միտում, ինչը նշանակում է, որ HSBC բանկի պորտֆելի կառուցվածքում տեղի կունենա որակական փոփոխություններ, մասնավորապես ստանդարտ (հուսալի) վարկերի մի մասը կորոկավորվի որպես անհուսալի, ինչով էլ պայմանավորված բանկի կրած վնասները կարող են աճել:
Նշենք, որ HSBC բանկը մուտք է գործել ամերիկյան ֆինանսական շուկա 2003թ.` գնելով Household International Inc. ընկերությունը, և կարճ ժամանակահատվածում ձևավորել բարձր ռիսկային հիփոթեքային վարկերով ապահովված ակտիվների պորտֆել: