144 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ԾԱՎԱԼՈՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՆՈՐ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՓԱԹեԹ
Ճապոնիայի խորհրդարանը 2009-2010 ֆինանսական տարվա համար ընդունել է նոր լրացուցիչ բյուջետային փաթեթ` 13,93 տրիլիոն իեն (143,73 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ: Այս նախագծի ընդունման նպատակով Ճապոնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատում իրականացվել է կրկնակի քվեարկություն, քանի որ վերին պալատը սկզբնապես դեմ էր հանդես եկել այդ նախագծի քննարկմանը: Նշենք, որ այս նոր բյուջետային փաթեթի շրջանակներում նախատեսվում է տնտեսական կայունության ապահովման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրել կառավարության հակաճգնաժամային ծրագրի իրականացմանը: Անհրաժեշտ ֆինանսական միջոցները կառավարությունը մտադիր է ներգրավել պետական պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում: Նշենք նաև, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսում ընդունված հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հարկային արտոնությունների սահմանում, նաև ավտոարտադրության և էներգետիկայի ոլորտներում գործող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում: