MAZDA-Ն ՄՏԱԴԻՐ Է ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՆԵՐԳՐԱՎԵԼ ՇՈՒՐՋ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնիայի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն ճապոնական խոշոր ավտոարտադրող Mazda Motor Corp. ընկերությունը նախատեսում է շուրջ 363 մլն արժեթղթերի տեղաբաշխման արդյունքում ներգրավել 1,1 մլրդ դոլար: Գործարքի իրականացումը կապահովեն Goldman Sachs Group Inc., Nomura Holdings Inc. և Daiwa Securities SMBC Co ընկերությունները:
Նշենք, որ այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում ԱՄՆ-ում Mazda ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են շուրջ 26%-ով, իսկ 2009 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում Ճապոնիայում և եվրոպական երկրներում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են համապատասխանաբար 23%-ով և 21%-ով: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման արդյունքում ընկերությունը մտադիր է վերակազմավորել իր արտադրական գործընթացը: