
ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԸ ԿՍՏԵՂԾԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԲԱՆԿԸ
Խոշոր քաղաքների «Մետրապոլիս» ասոցիացիայի (Metropolis association) նախագահ Ժան-Պոլ Հյուշեն (Jean-Paul Huchon) հայտարարել է, որ աշխարհի խոշոր քաղաքները մտադիր են ստեղծել Քաղաքների Միջազգային Բանկ, որը կվարկավորի մեգապոլիսներին, ինչպես նաև կֆինանսավորի տարբեր քաղաքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը: Դեռևս վերջնականապես չի պարզաբանվել, թե նոր ստեղծվող այս բանկն ինչ ֆինանսական միջոցներով է ապահովելու իր ծրագրերի իրականացումը, ովքեր են հանդիսանալու բանկի բաժնետերեր և ինչ պայմաններով են մեգապոլիսները վարկավորելու: Նախնական հայտարարության համաձայն Քաղաքների Միջազգային Բանկի ստեղծման գործում կարող է մասնակցություն ունենալ Համաշխարհային Բանկը, որը վերջին տարիների ընթացքում ակտիվ մասնակցություն է ունենում աղքատության հաղթահարման, ենթակառուցվածքների կառուցման, կրթության և առողջապահության ոլորտներում իրականացվող ծրագրերում: