ԱՄՆ-ՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ TARP ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
ԱՄՆ դաշնային վերահսկիչ Նիլ Բարոֆսկին (Neil Barofsky), ում վերապահված է իրականացնել ԱՄՆ տնտեսության փրկման TARP ծրագրի վերահսկողությունը, արդեն ուսումնասիրել է ավելի քան 20 ընկերությունների գործունեությունը և իրականացրել 6 աուդիտորական ստուգումներ: Նրա կողմից իրականցվող ստուգումների հիմնական նպատակն է պարզել, թե արդյոք այն ընկերությունները, որոնք ծրագրի շրջանակներում ստացել են պետական աջակցություն, կարողացել են որևէ ազդեցություն ունենալ կառավարության համապատասխան որոշումների վրա:
Հիշեցնենք, որ TARP (Troubled Asset Relief Program) ծրագիրը հաստատվել է 2008թ. հոկտեմբերին և նպատակ ունի տնտեսական ճգնաժամի պայմաններում աջակցություն ցույց տալ ֆինանսական կառույցներին: Սկզբնապես ծրագրի շրջանակներում նախատեսվում էր ֆինանսական կառույցներից գնել իրացվելիություն չունեցող ակտիվները, սակայն հետագայում ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվեց բանկերի և ապահովագրական ընկերությունների ուղղակի վերաֆինանսավորմանը, ինչպես նաև ավտոարտադրության խթանմանը: Վերլուծաբանների կարծիքով ԱՄՆ կառավարությունը միայն TARP ծրագրի իրականացման նպատակով արդեն ծախսել է ավելի քան 75 մլրդ դոլար: