ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ – ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿՐՃԱՏՎԱԾ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով ԱՄՆ ավտոարտադրության ոլորտում կրճատված հազարավոր աշխատատեղեր չեն վերականգնվի, և հիմա արդյունաբերության մյուս ճյուղերի զարգացման ճիշտ ժամանակն է: Նախագահը կարծիք է հայտնել, որ ճգնաժամի պայմաններում, տնտեսական գործընթացների փոփոխությամբ պայմանավորված, իրենց աշխատանքը կորցրած քաղաքացիներին նոր աշխատանքով ապահովելու համար նախ պետք է զարգացնել աշխատատար արդյունաբերական ճյուղերը, ստեղծել արդյունաբերական նոր ձեռնակություններ, և այնուհետև քայլեր ձեռնարկել աշխատուժի վերապատրաստման համար:
Նշենք, որ իր ամենշաբաթյա ռադիոելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ճգնաժամի հաղթահարման և տնտեսության խթանման նպատակով մշակված և իրականացվող ծրագրերը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 787 մլրդ դոլար, արդեն ապահովում են ցանկալի արդյունքներ: Նա նշել էր, որ հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում արդեն բարելավվել է գործազրկության նպաստ տրամադրելու ընթացակարգը, բժշկական ապահովագրության համակարգը, և բիզնեսի խթանման ոլորտում արդեն ներդրվում է հարկային արտոնությունների համակարգ: ԱՄՆ նախագահն այն կարծիքն էր հայտնել, որ, եթե կառավարության կողմից չիրականացվեր տնտեսության խթանման այս ծրագրերն, ապա պետական պարտքը կլիներ երկու անգամ ավելի, քան այն հիմա կազմում է, ինչն էլ կհանգեցներ գործազուրկների թվի ավելի կտրուկ աճի: