ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զարգացած երկրների ղեկավարներին առաջարկում է ներկայիս ճգնաժամի հաղթահարման նպատակով վերակազմավորել համաշխարհային տնտեսությունը և ձևավորել նոր ֆինանսատնտեսական հարաբերություններ: CNN հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ առաջիկայում կայանալիք G20 երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում մտադիր է հանդես գալ համապատասխան առաջարկությամբ և վստահ է, որ զարգացած երկրների ղեկավարները պատրաստակամություն կհայտնեն այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցում:
ԱՄՆ նախագահի կարծիքով ներկա պայմաններում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը ֆինանսական շուկաների նկատմամբ և երաշխավորել, որ ֆինանսական համակարգի նման անկում ապագայում չի սպասվում: Անդրադառնալով համաշխարհային տնտեսության նոր կառուցվածքի ձևավորման անհրաժեշտությանն` ԱՄՆ նախագահը կարևորել է առավել հաշվեկշռված միջազգային առևտրային հարաբերությունների կազմավորումը: